Ես ինքս չէի գնա Սերժ Սարգսյանի հետ նման հանդիպման. Րաֆֆի Հովհաննիսյան

RaffiԱրմեն Մարտիրոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը լիազորությունից դուրս չէին, ես ինքս չէի գնա նման հանդիպման, մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսին այսպիսի հայտարարություն արեց «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը` խոսելով կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի` նախագահական նստավայր գնալու ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկման մասնակցելու մասին:

Հովհաննիսյանի խոսքով` հանդիպման հնարավորության մասին ինքը տեղյակ է եղել, սակայն հանդիպման մասին իմացել է դրա կայանալուց հետո:

«Ժառանգության» ղեկավարը նշեց, որ այդ հանդիպումը համարում է միջկուսակցական և ոչ պաշտոնական: «Այն, որ ես որևէ հրավեր չեմ ստացել Սարգսյանից կամ որևէ այլ մարդուց, այն, որ բանավոր հրավերը եկավ Ազգային ժողովի նախագահից, ապացուցում է, որ սա միջկուսակցական, ոչ պաշտոնական հանդիպում է, որովհետև օրենսդիր մարմնի ներկայացուցիչը կարող է օրենսդիր մարմնի անունից հրավեր տալ, բայց ոչ Սերժ Սարգսյանի»,- ասաց նա:

Անդրադառնալով Արմեն Մարտիրոսյանին և Ռուբիկ Հակոբյանին «Ժառանգությունից» հեռացնելու հնարավորությանը` Հովհաննիսյանն ասաց. «Նման բան չկա»։

Նա նշեց, որ իրենք «բաց են հաղորդակցության բոլոր կուսակցությունների հետ»` հավելելով. «Մեր դիրքորոշումը «Ժառանգությունում» մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանը չունի քաղաքական և քաղաքացիական լեգիտիմություն, իրավակարգ վիճակ՝ հայ ժողովրդին վստահության մթնոլորտում ներկայացնելու սահմանադրական փոփոխություններ»:

«Ժառանգության» ղեկավարի խոսքով` չնայած կուսակցությունն իր ծրագրով կողմնակից է խորհրդարանական կառավարման` ներկա պայմաններում իրենք դեմ են սահմանադրական այս փոփոխություններին, բայց ոչ բոյկոտի տեսքով: Նա հավելեց, որ «ժառանգությունն» իր խմբակցության միջոցով ներկայացրել է այն փոփոխությունների փաթեթը և առաջարկները, որոնց ընդունումը չէր բացառի իրենց հետագա մասնակցությունը գործընթացին: «Մեր տեսակետները շատ հստակ են, մեր առաջարկները, պահանջները նույնպես: Իրենք գիտեն` դրանք ինչ են: Եթե ուզում են լուծում տալ, կարող են լուծում տալ: Բայց ներկա դրությամբ մենք այլևս չպետք է հանդիպենք, որպեսզի նկարահանեն մեզ շարանով, որ հետո ցույց տան հառուստատեսությամբ, թե տեսեք` այս հանդիպումները տեղի ունեցան»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ բոլորն էլ սխալ գործում են, և իր բացակայության ընթացքում եղել են սխալներ: «Բայց մենք նայում ենք առաջ և ասում ենք, որ այլևս այս ինքնանպատակ գործընթացին չենք մասնակցելու»,- ասաց նա:

Հովհհաննիսյանը տեղեկացրեց, որ ապրիլի 26-ին «Ժառանգությունը» հրավիրելու է ընդլայնված նիստ՝ «քաղաքական խորհրդի, քաղաքական իրավիճակը, ապագան, անելիքները ճիշտ որոշելու համար»։

***

Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների շուրջ առանձին-առանձին հանդիպումներ էր ունեցել քաղաքական յոթ ուժերի, այդ թվում «Ժառանգության» ներկայացուցիչների հետ:

Հանդիպման հաջորդ օրը «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, պարզաբանելով, թե ինչու են սահմանադրական փոփոխությունների թեմայով հանդիպել Սերժ Սարգսյանին, նշել էր, որ հանդիպումը տեղի է ունեցել «Ժառանգության» վարչության համաձայնությամբ, և այդ մասին տեղեկացել է կուսակցության վարչության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը համաձայնել է մեծամասնության կարծիքին:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման փաստին, ավելի վաղ ասել էր. «Հավանաբար գնացել են որպես Բաղրամյան 26-ի հաճախորդներ: Ժառանգության հետ այս մասնակցությունը որևէ կապ չունի»: