Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Սանկտ Պետերբուրգում

g_imageՍանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում մարտի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականներին նվիրված հիշատակի երեկո: ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ` միջոցառումը կազմակերպվել էր «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ՝ Ռուսական պետական թանգարանի աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա են եղել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, «Պետերբուրգի հայեր» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Նազարովը, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ, պետերբուրգահայեր:

Բացման խոսքով հանդես է եկել Ալեքսանդր Նազարովը, որը խոսել է Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ մտավորականների՝ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի, Գրիգոր Զոհրապի, Սիամանթոյի և այլոց կյանքի ու ստեղծագործության մասին։

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները` խոսելով դրանց էության ու բովանդակության մասին:

Պետերբուրգյան լրագրող և իրավապաշտպան Անտուան Առաքելյանը խոսել է Հայոց ցեղասպանության հետևանքների մասին:

Միջոցառման ընթացքում ընթերցվել է Հայաստանին նվիրված Սերգեյ Գորոդեցկու բանաստեղծությունը, ինչպես նաև հատվածներ Դանիել Վարուժանի, Ռուբեն Սևակի և Սիամանթոյի բանաստեղծություններից։ Հնչել են հանրաճանաչ կոմպոզիտորների գործերը:

Մեկնաբանել