Մեծ Բրիտանիայի խորհրդարանը քննարկել է Հայոց ցեղասպանությունը

House of CommonsՄեծ Բրիտանիայի իրար հաջորդող կառավարությունների դիրքորոշումն այն է, որ միջազգային իրավունքը, այդ թվում՝ 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիան, հետադարձ ուժ չունի. այսպիսի հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը մարտի 23-ին Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության վերաբերյալ անցնող քննարկումների ժամանակ:

«Մեր՝ բրիտանական իրար հաջորդող կառավարությունների դիրքորոշումն այն է, որ միջազգային իրավունքը, այդ թվում՝ 1948թ. Ցեղասպանության մասին կոնվենցիան հետադարձ ուժ չունի, և դա մեր դիրքորոշման պարզաբանման մի մաս է»,- ասել է Լիդինգթոնը:

Պատասխանելով Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Սթիվեն Փաունդի հարցին, թե արդյոք Մեծ Բրիտանիան կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, Լիդինգթոնն ասել է. «Պետք է ասեմ, որ կառավարության կամ իրար հաջորդող կառավարությունների քաղաքականությունը չի փոխվել 1988-ից ի վեր, երբ սկսել է դիտարկվել այս հարցը: Մենք այն կարծիքին ենք, որ ցեղասպանությունը պարզապես քաղաքական դատողությունների արտահայտում չէ: Այն հանցագործություն է, և բրիտանական կառավարությունը որպես ցեղասպանություն է ճանաչում այն դեպքերը, որոնք որպես այդպիսին են որակվել միջազգային դատարանների կողմից, օրինակ՝ Հոլոքոստի կամ Սրեբրենիցայի ու Ռուանդայի ջարդերի դեպքում»:

Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևվիդ Լիդինգթոն Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոն

Լիդինգթոնն այնուհետև նշել է, որ «Հայաստանն ու Թուրքիան պետք է նայեն ապագային, և երկու կառավարությունները պետք է համատեղ պատմությանն առերեսվելու միջոց գտնեն»:

Անիմաստ է անգամ հարցնել՝ արդյոք դա ցեղասպանություն էր

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի Լեյբորիստական կուսակցության պատգամավոր, Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Սթիվեն Փաունդը իր խոսքում նշել է, որ «մոտենում ենք ոչ միայն մարդկության դեմ իրականացված այս սարսափելի հանցագործության 100-ամյակին, որի ժամանակ ամենասարսափելի հանգամանքներում 1,5 մլն մարդ է սպանվել, և փորձ է արվել վերացնել մի ամբողջ ժողովուրդ՝ նրանց մշակույթը, ազգությունը և ինքնին գոյությունը, այլև ժամանակահատված է, երբ երկու գիրք է տպագրվել: «Դրանցից առաջինը՝ Ջեֆրի Ռոբերտսոնի «Անհարմար ցեղասպանությունն» է, որն ապացուցում է, որ ցեղասպանությունը իրական էր, և այն տեղի է ունեցել՝ ներկայացնելով ամսաթվեր, անուններ, ժամկետներ: Մյուս հրաշալի գիրքը Յուջին Ռոգանի «Օսմանյանների անկումը» գիրքն է, որում հայերի ոչնչացմանը նվիրված բաժին կա»,- ասել է Փաունդը:

Stephen Pound2 Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամ Սթիվեն Փաունդ

Նրա խոսքով՝ անիմաստ է անգամ հարցնել՝ արդյոք դա ցեղասպանություն էր:

«Այո՛, հարցը տրվել է բազմիցս: Մարդիկ ասում են՝ 1915թ. ցեղասպանություն չի եղել, սակայն հստակ է, որ այն ոչ միայն ցեղասպանություն էր: Հայերը, որ յուրահատուկ, հարուստ մշակութ և մեծ իմաստնություն ունեցող ժողովուրդ են, 1894-1896 թթ. ձուլման են ենթարկվել, 200 հազ.-ը սպանվել է, եղել է Ադանայի 1909թ. ջարդը, որի ընթացքում 20-30 հազ. մարդ սպանվել է»,- նշել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ մարդկությունն իսկապես կարիք ունի ճանաչել այն, ինչ տեղի է ունեցել 1915թ.:

«Քանի դեռ այն ժխտվում է, կարող է կրկնվել: Մենք հնարավորություն ունենք ճիշտ բան անելու՝ ոչ միայն Հայաստանի ու հայ ազգի, այլև ամբողջ մարդկության համար:

Քանի դեռ մենք ասում ենք ՝ դա տեղի չի ունեցել, մենք լսում ենք Հիտլերի 1939թ. սարսափելի խոսքերի արձագանքը, երբ նա Լեհաստան ներխուժումն արդարացնելու համար ասել էր՝ «Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը»: Իմ կարծիքով՝ բոլոր առաքինի մարդիկ ճանաչում և հիշում են հայերի բնաջնջումը, և ես հույս ունեմ, որ մենք բոլորս վճռական ենք ճանաչել այն՝ համոզված լինելու համար, որ դա այլևս երբեք չի կրկնվի»,- ասել է Փաունդը:

Մեկնաբանել