Սերժ Սարգսյանը ցավակցել է Գերմանիայի նախագահին և Իսպանիայի թագավորին

Serj-Sargsyan1ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկին և Իսպանիայի թագավոր Ֆելիպե Վեցերորդին՝ Բարսելոնայից Դյուսելդորֆ ուղևորվող ինքնաթիռի աղետի կապակցությամբ:

«Հանրապետության նախագահը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Գերմանիայի նախագահին և Իսպանիայի թագավորին, զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ու Իսպանիայի բարեկամ ժողովուրդներին՝ այս ծանր պահին մաղթելով նրանց համբերություն և ոգու արիություն»,- ասված է նախագահի գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ:

***

Lufthansa ավիաընկերության դուստր Germanwings ընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը, որը մարտի 24-ին թռիչք էր կատարում Բարսելոնայից Դյուսելդորֆ, վերելքից հիսուն րոպե անց ընկել է Ֆրանսիայի հարավում՝ լեռներում: Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ըստ հաղորդագրությունների՝ անկումից առաջ ինքնաթիռը ութ րոպեի ընթացքում կորցրել է բարձրությունը: Ֆրանսիական ժանդարմերիան հաստատել է ինքնաթիռում եղած բոլոր մարդկանց զոհվելու վերաբերյալ ենթադրությունները: Մարտի 24-ի ուշ երեկոյան հայտնաբերվել է կործանված օդանավի «սև արկղերից» մեկը՝ մեծապես վնասված վիճակում: Ինքնաթիռում եղած ուղևորներից 45-ը Իսպանիայի, առնվազն 67-ը՝ Գերմանիայի քաղաքացիներ էին, ինչպես նաև Ավստրալիայի, Ղազախստանի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի քաղաքացիներ:

Մեկնաբանել