Քաղաքական պահ ստեղծելու առիթը. Շահան Գանտահարյան

Shahan-Kandaharian213Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Քաղաքական պահ ստեղծելու առիթը» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հույների և ասորիների ցեղասպանությունների վերաբերյալ բանաձևի միաձայն քվեարկությամբ, մեր երկիրը դարձավ երրորդը, որը ճանաչում է այս ցեղասպանությունները:

Ավելի ճիշտ, հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները ճանաչել է Շվեդիայի խորհրդարանը 2010 թ. մարտ 16-ին. հույների ցեղասպանությունը` Հունաստանն ու Կիպրոսը: Դեռևս 2004-ին Հունաստանը հատուկ բանաձևով ճանաչել էր Պոնտոսի հույների, իսկ 1998-ին` Փոքր Ասիայի հույների ցեղասպանությունները: Ուրեմն, ասորիների և հույների ցեղասպանությունների ճանաչման աշխարհագրությունը շատ փոքր էր:

ԱԺ-ի նիստը միաձայն, 117 քվեով որդեգրեց հետևյալ բանաձևը. «Առաջնորդվելով ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 1946թ. դեկտեմբերի 11-ին ընդունված 96 (1) բանաձևով և 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ «Ցեղասպանության նախազգուշացման և դրա համար նախատեսված պատժի», ինչպես նաև 1968թ. նոյեմբերի 26-ի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության» մասին կոնվենցիաներով ու մարդու իրավունքների մասին բոլոր այլ միջազգային ակտերի դրույթներով ու սկզբունքներով, հաշվի առնելով հայ, հույն և ասորի ժողովուրդների՝ դարերից բխող բարեկամական հարաբերությունները՝ Հայաստանի Ազգային Ժողովը հայտարարում է, որ դատապարտում է Օսմանյան կայսրությունում իրականացրած հույների և ասորիների ցեղասպանությունը»։

Բանաձևի նախագծի ներկայացմանը նախորդել էր «Հիմնավորում Օսմանյան կայսրության կողմից 1915-1923-ին հույների և ասորիների ցեղասպանությունների դատապարտման մասին» բանաձևի նախագծի ներկայացումը: Այնտեղ նշված են պատմական փաստերը, իրականացված ջարդերի և տեղահանությունների կանխամտածված լինելը, զոհերի թվերը, ժամանակն ու աշխարհագրությունը և բոլորը արդարացված ձևով տեղավորված ցեղասպանության ուխտի սահմանած դրույթներում: Նշված է նաև, որ ժամանակակից ցեղասպանագիտությունը հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունները դիտարկում է որպես մեկ ընդհանուր քաղաքականության բաղկացուցիչ մասեր:

Պատմականորեն և իրավաքաղաքականորեն ներկայացված փաստերն ու հիմնավորումները քննարկման տեղ չեն թողնում երկու ժողովուրդների ապրած ցեղասպանությունները ճանաչելու և դատապարտելու: Իհարկե, կան տարբեր քննարկելի հարցեր: Հունաստանը ընդհանրապես հույների ցեղասպանության միջազգայնացումը արտաքին քաղաքականության օրակարգի նյութ չի դարձրել, իսկ ասորիները` իբրև պետականազուրկ և քաղաքական գործոնի ոչ բավարար կարգավիճակ ունեցող համայնք, չունեն լոբբիստական առաջադրված կարողությունը իրենց ազգային ողբերգությունը միջազգայնացնելու:

Հատկապես ասորիների դեպքում, այսօր սակայն այս խնդիրը, անկախ իրենց կողմից դրսևորելի ենթադրյալ նախաձեռնողականությունից, այժմեական հրատապությամբ այսօրվա իրադարձությունների լույսի տակ պատմական իրադարձությունների հետ համեմատություններ է ստեղծում` ընդգծելու համար, որ այս ժողովուրդը երկրորդ անգամ է ենթարկվում ցեղասպանության, առաջինը ուղղակի Օսմանյան կայսրության, իսկ ներկայինը՝ պատվիրված, ֆինանսավորված Անկարայի կողմից:

Համեմատական ցեղասպանագիտությունը ընդհանուր քաղաքականության բաղադրիչները համարելով դեռևս ընդհանրություններ և տարբերություններ է գտնում երեք ցեղասպանությունների միջև:

Այս հանգրվանի էականը մեզ համար այլ ուղերձ ևս ունի: Այսպես, եթե մանրադիտակի տակ բերենք բանաձևը, այնտեղ կնկատենք, որ հույների և ասորիների ցեղասպանությունները անառարկելիորեն ամբողջացնում են ցեղասպանության ուխտի բանաձևած կետերը:

Մարդկության դեմ կատարված հանցագործությունների վաղեմության ժամկետի անընդունելիության ընդգծումը պարզ է, որ վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը, և այս պահին նման շեշտադրումը լուսաբանելն ավելի քան ըմբռնելի է: Նոր չէ նաև հայ, հույն և ասորի ժողովուրդների պատմական բարեկամության գիտակցումը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հիմա նման բանաձև ընդունելը, անպայման Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ուղերձ ունի: Բանաձևը պարփակում է Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանված ժողովուրդների համախմբման կոչ. զորակցելով զորակցության հրավեր: Պատահական չէր նաև այն, որ ամերիկյան Կոնգրեսի բանաձևը առանց Ցեղասպանություն եզրի օգտագործման խոսում էր կրոնական կալվածքների վերադարձի պահանջի մասին. ընդ որում՝ նաև հունական և ասորական: Իսկ ասորիների տեղահանությունները քաղաքականորեն արծարծելու համար ճիշտ հունավորման պարագայում անպայման կգրավեն միջազգային շրջանակների ուշադրությունը:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բանաձևի լուռ կոչը` տուժած ժողովուրդների համախմբման քաղաքական պահ ստեղծելու լավագույն առիթ ունի. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: