Գազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հայտեր չկան. Դավիթ Հարությունյան

UntitledԳազի և էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հայտեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով այս պահին ներկայացված չեն, մարտի 25-ին խորհրդարանում կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում, որպեսզի գազի սակագնի փոփոխություն տեղի չունենա` հավելելով. «Այնուամենայնիվ, բազմաթիվ գործոններ են այստեղ ազդում: Գործոններից մեկը գինն է, որը ամրագրված է թեև անհամեմատ ավելի ցածր, քան միջազգային շուկայում, այնուամենայնիվ, արտարժույթով է, և մենք, բնականաբար, եթե ունենանք հայկական դրամի տատանումներ, ապա այդ հարցին ամենայն հավանականությամբ անդրադարձ պետք է կատարվի»:

Խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր փոփոխության մասին` Հարությունյանը նշեց, որ կառավարությունը ոչինչ հստակ ասել չի կարող, քանի դեռ չկա հայտ, քանի դեռ չկա հանձնաժողովի որոշումը: «Եթե ձեր հարցադրումը վերաբերում է կանխատեսումներին, ապա բազմաթիվ գործոններ են ազդում, և առաջին հերթին խոսքը բնական գործոնների մասին է: Եթե մենք ունենում ենք ջրառատ տարի, ապա բնականաբար Հայաստանի Հանրապետությունում հաջողվում է արտադրել համեմատաբար էժան էլէկտրաէներգիա, և ընդհանուր առմամբ սակագինը հնարավոր է պահել ստանդարտ մակարդակում: Եթե լինում է երաշտ տարի, ջուրը քիչ է լինում, և հնարավոր չի լինում արտադրել էժան էլեկտրաէներգիա, ապա սպառումը քանի որ չի նվազում, պակասող էլեկտրաէներգիան լրացվում է ջերմակայանները շահագործելով, իսկ ջերմակայանների արտադրած հոսանքը անհամեմատ ավելի թանկ է: Կախված այս տարի ինչպիսի տարի կլինի` դրանից կախված մենք նոր կարող ենք պատասխանել մեր կանխատեսումների վերաբերյալ հարցին: Բայց նորից` մեր ասածը ընդամենը կանխատեսումներ կարող են լինել, իսկ գործընթացը սկսում է համապատասխան ընկերության հայտով»,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը:

***

«Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագինը ներկայում 156 դրամ/1խմ է: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից սպառողներին առաքվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը կազմում է 41.85 դրամ/կՎտ/ժ, գիշերային սակագինը` 31.85 դրամ/կՎտ/ժ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը փետրվարի 25-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի: Նա նշել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինն ուղիղ կապված է գազի սակագնի հետ:

Գազի գնի հնարավոր թանկացմանը` պայմանավորված դոլար/դրամ փոխարժեքով, ավելի վաղ անդրադարձել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը։ «168 ժամ» թերթի հետ հարցազրույցում նա ասել էր, որ գազի սակագինը չբարձրացնելու համար արվում է հնարավորը: