Էնվերի և Թալեաթի հետ հանդիպումներ՝ մոռացվող էջեր

Screen Shot 2015-03-26 at 10.18.451918թ. հունիսի 15-ից մինչև նոյեմբեր Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Պոլսում փորձում էր բարելավել շատերի կողմից ստորացուցիչ համարվող Բաթումի պայմանագիրը, որով Օսմանյան Թուրքիան ճանաչել էր ՀՀ-ն մոտ 10 հազար քառակուսի կմ. տարածքով՝ Երևանի շրջակայք և Սևանի ավազան: Բայց պակաս ստորացուցիչ չէին հետագա ամիսները, երբ հայկական պատվիրակությունն անցկացրեց Բոսֆորի ափերին: Ավետիս Ահարոնյանը, Միքայել Պապաջանյանը և Ալեքսանդր Խատիսյանը պետք է բանակցություններ վարեին արևմտահայության դահիճների հետ: Մինչև Առաջին աշխարհամարտի վերջն Օսմանյան կայսրությունն Էնվեր, Թալեաթ և Ջեմալ փաշաների ձեռքում էր:

Հունիսի 25-ին Պոլսում պետք է սկսվեր մի խորհրդաժողով, որին սպասվում էր Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի մասնակցությունը: Հրավիրվել էին նաև անդրկովկասյան հանրապետությունները: Հայկական կողմը տպավորություն ուներ, թե Գերմանիան ուզում է վերանայել Բաթումի պայմանագիրը` համաձայն Բրեստ-Լիտովսկի պայմանների: Պոլիս մեկնած պատվիրակությանը հրահանգ էր տրվել ամեն ջանք թափել` ընդարձակելու Հայաստանի Հանրապետության սահմանները: Նրանք Պոլսում մնում են ավելի քան չորս ամիս` մինչև նոյեմբերի 1-ը, Խատիսյանի խոսքերով` փորձելով ցույց տալ «մեր անվիճելի իրավունքներն Ախալքալաքի, Լոռիի, Զանգեզուրի, Ղարաբաղի և Նախիջևանի վրա, որոնց նկատմամբ հավակնություններ ունեին մեր կովկասյան հարևանները»:

Օսմանյան կառավարությունը անդրկովկասյան պետություններին խոստացել էր օգնել, որպեսզի նրանք ևս հաշտություն կնքեն իր դաշնակիցների` Գերմանիայի, Ավստրիա-Հունգարիայի և Բուլղարիայի հետ: Թուրքերը նաև փորձելու էին լուծել անկախություն հռչակած Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրները:

Խատիսյանը գրում է. «Թուրքերը շատ լավ ծանոթ էին մեր ծրագրերին և ձգտումներին, բայց չէին ուզում, որ գոյություն ունենա կենսունակ Հայաստան: Նրանք դեմ էին, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը կցվեն Հայաստանին, որովհետև կուզեին բաց պահել իրենց ճամփան դեպի Բաքու: Դեմ էին, որ Ախալքալաքն ու Լոռին մեզ տրվեն, որովհետև ուզում էին ազատ պահել ճամփան դեպի Ղազախ և Գանձակ: Երբ մեր քարտեզը գծված սահմաններով ներկայացրինք թուրքերին, տեսանք, որ ադրբեջանցիներն ու վրացիներն էլ մի շարք հայկական հողամասեր մտցրել էին իրենց սահմանների մեջ: Հրապարակ էր գալիս ներքին վտանգավոր հակամարտություն, որ հետո արտահայտվեց հայ-վրացական և հայ-ադրբեջանական ընդհարումներով»:

Ավելի քան չորս ամիս սպասելուց հետո խորհրդաժողովն այդպես էլ չի կայանում, որի հիմնական պատճառը ռազմաճակատներում այդ օրերին գերմանացիների և օսմանյան թուրքերի անհաջողություններն էին: Հայկական պատվիրակության դիվանագիտական աշխատանքները Պոլսում սահմանափակվում են Թուրքիայի ղեկավար շրջանակների, օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումներով:

Ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է. «Ահարոնյանի, Խատիսյանի և առաքելության քարտուղարի զեկուցագրերը նկարագրում էին նվաստացուցիչ հանդիպումներն Էնվերի և Թալեաթի հետ: Աղերսարկուներն այնքան նվաստացան, որ ստիպված երախտագիտություն հայտնեցին Օսմանյան կայսրությանը` հայկական հանրապետության հիմնադրումը թույլատրելու համար: Այս քննարկումների ընթացքում Թալեաթը հայկական աղետի մեղքը գցում էր քրդերի, զինվորական իշխանությունների և տեղական անպատասխանատու պաշտոնյաների վրա, բայց նաև դատապարտում էր հայերին` օսմանյան հայրենիքի նկատմամբ անհավատարմության համար»:

Հայերի դեմ 1918թ. սեպտեմբերի Բաքվի ջարդերի կապակցությամբ Խատիսյանը և Ահարոնյանը հանդիպում են Թալեաթին, ով Էնվերի ու այլ երիտթուրք պարագլուխների հետ Հայոց ցեղասպանության գլխավոր ծրագրողը և իրականացնողն էր: Խատիսյանը գրում է. «Երբ մենք մեր բողոքը հայտնեցինք Թալեաթին, թե թուրքական զորքերը պատրաստվում են հարձակվել Ղարաբաղի վրա, Թալեաթը վերցրեց հեռախոսը և սկսեց խոսել Էնվերի հետ` ասելով, որ «հայերը խնդրում են Ղարաբաղի վրա հարձակվելու հրաման չտալ»: Այս խոսակցությունից հետո Թալեաթը մեզ հայտնեց, որ ինքը երաշխավորում է «Ղարաբաղի վրա որևէ հարձակում չի լինի»: Թալեաթից հետո մենք զգացինք մի նոր այցելության կարիք Էնվեր փաշային: Էնվերը մեզ կրկին հավաստիացրեց, որ ինքը հրաման է տվել չգրավել Ղարաբաղը»:

Հոկտեմբերին հայկական պատվիրակությանն ընդունում է նաև սուլթանը: «Կրոնական արարողությունից հետո մզկիթում Էնվեր փաշան մեզ ներկայացրեց սուլթանին: Ահարոնյանը Հայաստանի անունով ճառ է ասում և հույս հայտնում, որ անկախ Հայաստանն ու Թուրքիան այսուհետ բարի դրացիներ պիտի լինեն: Սուլթանը պատասխանեց, թե ինքը շատ երջանիկ է, որ «դարավոր բարեկամական» հարաբերությունները հայերի ու թուրքերի միջև այժմ քաղաքական բարեկամության կվերածվեն Թուրքիայի և Հայաստանի միջև»:

Մի քանի օր անց Էնվեր փաշան Հայաստանի պատվիրակներին հրավիրում է ճաշի` իր տուն: Խատիսյանը շարունակում է. «Արեւելքի ամբողջ շքեղությունը բացվեց մեր առջև: Ոսկի, մետաքս, գորգ և ամեն տեսակ թանկարժեք իրերով լեցուն էր Էնվերի բնակարանը: Ճաշի հրավիրված էին նաև գերմանացի զորավար ֆոն Սեքթը, Թալեաթ և Իզզեթ փաշաները և կովկասյան երեք պատվիրակությունները: Սեղանի շուրջ խոսակցության նյութն էր կովկասյան նորակազմ հանրապետությունների ապագան»:

Պոլսում պետք է քննարկվեր նաև անդրկովկասյան երեք հանրապետությունների սահմանային վեճերը: Հայաստանը առաջարկում էր հետևյալ տարբերակը. Ադրբեջանն ստանում է Անդրկովկասի 38 տոկոսը, Վրաստանը` 33, Հայաստանը` 29: Վրացական և ադրբեջանական պատվիրակությունները մերժում են:

Հայկական պատվիրակությունը հանդիպում է նաև Թուրքիայի վարչապետ Իզզեթ փաշայի հետ, որի ընթացքում համաձայնություն է ձեռք բերվում, որ Օսմանյան բանակը հետ քաշվի մինչև այն սահմաններ, որոնք որոշվել էին Բրեստ-Լիտովսկի համաձայնագրով: Փոխարենը, հայկական պատվիրակությունը խոստացավ լավ հարաբերություններ հաստատել Օսմանյան կառավարության հետ:

Աշնանը օսմանյան պաշտոնյաները տարածքային հարցում առաջարկեցին պայմանական աջակցություն: Էնվերն Ահարոնյանին և Խատիսյանին ակնարկեց, որ Թուրքիան կպաշտպաներ Հայաստանի հավակնությունները Լոռու և Փամբակի նկատմամբ և կարող է թույլատրել Հայաստանի ծավալումը մինչև Բրեստ-Լիտովսկի սահմանները: Թալեաթը հայտարարեց, որ իր կառավարությունն ավելի մեծ զիջումներ կշնորհի, քան այնպիսիք, որոնք փնտրում էր Ահարոնյանի պատվիրակությունը: Մի քանի օր անց` Դաշնակիցներին օսմանցիների անձնատուր լինելու նախօրեին, կառավարությունը հրաժարական տվեց:

Հայ պատվիրակները վերադարձան Հայաստան: Խատիսյանը գրում է. «Հոկտեմբերի 20-ին մեզ մոտ եկավ Ռաուֆ բեյի համհարզը և խնդրեց գնալ ծովային նախարարի մոտ: Նա մեզ ասաց. «Այս գիշեր ես պիտի գնամ անգլիական ծովակալի մոտ զինադադար կնքելու, կառաջարկեի Ձեզ էլ նրա մոտ գնալ ինձ հետ միասին: Թող անգլիացիները տեսնեն, որ մենք հաշտված ենք»: Հիշելով Ռաուֆ բեյի անհաշտ դիրքը Տրապիզոնի խորհրդաժողովում` ես հարցրեցի, թե ինչպիսին պիտի լինեն մեր սահմանները: Նա պատասխանեց. «1914թ. սահմանները, սրբագրությամբ ի հաշիվ Ալաշկերտի հովտի»: Մենք, հարկավ, չէինք կարող մեր հավանությունը տալ: Դաշնակիցները հաղթած էին, իսկ մեր հույսը կապված էր նրանց հաղթանակի հետ: Եվ չգնացինք»:

Մեկնաբանել