Մարտի 26-ին` ժամը 09:40-ի սահմաններում, Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ուժեղացված խմբին դիմակայելու ժամանակ ծանր վիրավորված, պաշտպանության բանակի զինծառայող, 1995թ. ծնված Սամվել Սասունի Հակոբյանը: Այս մասին հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում:
***
Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել էր երեք զոհ, չորս վիրավոր:
ԼՂՀ ՊՆ-ն մարտի 26-ին` ավելի վաղ, հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: