Վրաստանում իշխող դաշինքը կորցնում է բնակչության աջակցությունը. հարցում

MargvelashviliՎրաստանում իշխող «Վրացական երազանք» դաշինքը շարունակում է մնալ երկրի ամենաազդեցիկ քաղաքական ուժը, սակայն բնակչության կողմից նրան ցուցաբերվող աջակցությունը նվազել է: Այս մասին են վկայում ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի (International Republican Institute) հանրային կարծիքի հարցման տվայլները, հաղորդում է civil.ge-ն:

Հարցումը առաջինն է պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի գլխավորած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ 2014-ի նոյեմբերին իշխող դաշինքից դուրս գալուց, ինչպես նաև Վրաստանի ազգային արժույթի՝ լարիի 29%-ով արժեզրկվելուց հետո: Հարցումը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:

Նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած իշխող դաշինքին, հարցման տվայլների համաձայն, ներկայում աջակցում է բնակչության 36%-ը: 2012-ի խորհդարանական ընտրություններում դաշինքը ստացել էր ձայների ավելի քան 50%-ը:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանն աջակցում է բնակչության 14%-ը, «Ազատ դեմոկրատներ»-ին՝ 10%-ը:

Հարցվածների 12%-ը նշել է, որ եթե առաջիկայում ընտրություններ լինեին, քաղաքական ուժերից որևէ մեկի օգտին չէր քվեարկի, իսկ 11%-ը դեռևս չի կողմնորոշվել:

Ինչպես վկայում են հարցման տվյալները, քաղաքական գործիչներից ամենաբարձր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին՝ 62%: Նրանց հաջորդում է Իրակլի Ալասանիան և խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին՝ 57%:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վարկանիշը 56% է:

Հարցումը վերաբերել է երկրի ոչ միայն քաղաքական, այլև ներիքն և արտաքին ոլորտներին:

Այսպես՝ հարցվածների մեծ մասը կարծում է, որ Վրաստանը զարգանում է ոչ ճիշտ ճանապարհով: Վրաստանում 2012-ի իշխանափոխության ժամանակ բնակչության 62%-ը ակնկալել է, որ երկիրը զարգանալու է ճիշտ ուղղությամբ:

Հարցվածենրի 81%-ի կարծիքով՝ Վրաստանի ամենամեծ տնտեսական խնդիրը ազգային արժույթի արժեզրկումն է: Բնակչության համար մեծ խնդիր է նաև կոմունալ ծառայությունների վճարը:

Կառավարության ամենամեծ ձեռքբերումը, ըստ հարցվածների 26%-ի, առողջապահության ոլորոտի խնդիրների լուծումն է, իսկ ամենամեծ ձախողումը՝ նախընտրական մի շարք խոստումների չկատարումը:

Վրաստանի բնակչությունն ամենից շատ վստահում է եկեղեցուն՝ 91%, որին հաջորդում է բանակը:

Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանն աջակցությունը բնակչության շրջանում շարունակում է կայուն բարձր մնալ՝ 78%: Մեծ է աջակցությունը նաև Եվրամիությանն անդամակցության հարցում՝ 88%:

Վրաստանի բնակչության 78%-ը երկրի համար ամենամեծ սպառնալիք է համարում Ռուսաստանը, բնակչության 85%-ը աջակցում է Մոսկվայի հետ Թբիլիսիի երկխոսությանը:

Մեկնաբանել