Սաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները Եմենում օպերացիա են սկսել

YemenՍաուդյան Արաբիան և նրա դաշնակիցները ռազմական օպերացիա են սկսել Եմենում, որտեղ շարունակվում է ապստամբ շիա հութիների առաջխաղացումը: Եմենի նախագահի պաշտպանությանն ուղղված ռազմական գործողություններին մասնակցում է ևս ինը պետություն, որոնց թվում՝ Կատարը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը և Բահրեյնը:

Ինչպես հայտարարել են կոալիցիայի անդամ-պետությունների ներկայացուցիչները, Եմենի նախագահ Աբդ Ռաբբու Մանսուրու Հադին ինքն է խնդրել օգնել ապստամբների ագրեսիային հակազդելու գործում:

Al-Arabiya TV-ն հաղորդել է, որ Սաուդյան Արաբիան մտադիր է ռազմական օպերացիայում ներգրավել 100 ռազմական ինքնաթիռ և մոտ 150 հազ. զինծառայող: Գործողություններին պատրաստ են մասնակցել նաև Եգիպտոսը, Հորդանանը, Սուդանը և Պակիստանը:

Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը Եմենի մայրաքաղաք Սանայի օդակայանին և հութիների ռազմական մի շարք օբյեկտներին հասցվել են օդային հարվածներ: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 22 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են: Կոալիցիայի ներկայացուցիչները Եմենի վրա օդային տարածքը հայտարարել են թռիչքների համար արգելված գոտի:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Եմենի «Հութի» շարժման առաջնորդներից մեկն ասել է, որ կոալիցիայի օդային հարվածները ագրեսիա են իր երկրի դեմ և նախազգուշացրել, որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում «լայնամասշտաբ պատերազմի»:

ԱՄՆ-ի աջակցությունը

«ԱՄՆ-ն աջակցում է Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների օպերացիային Եմենում հութի ապստամբների դեմ»,- հայտարարել է Սպիտակ տունը:

«Նախագահ Բարաք Օբաման կարգադրել է նյութական և հետախուզական աջակցություն ցուցաբերել Եմենում ռազմական օպերացիային` Պարսից ծոցի համագործակցության խորհրդի ղեկավարությամբ»,- ասել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Բեռնադետ Միհենը:

Պարսից ծոցում վերջին իրադարձությունների ֆոնին կտրուկ աճել են նավթի գները:

Ակնարկ

Եմենում հութի ապստամբների և իրավապահ մարմինների միջև հակամարտությունը շարունակվում է 2015թ. հունվարի կեսից: Այդ ժամանակ Եմենի նախագահ Հադին հրաժարական էր տվել, ապստամբները գրավել էին մայրաքաղաք Սանան և սուննիական մի շարք տարածքներ:

Ինչպես գրում է Reuters-ը, ճգնաժամը սպառնում է վերածվել հութիներին աջակցող Իրանի և Սաուդյան Արաբիայի ու տարածաշրջանային սուննի միապետությունների միջև պատերազմի:

Մեկնաբանել