Չինաստանի հետ հարաբերությունները՝ ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից

10159Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն պետական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 26-ին այցելել է Թյանանմենի հրապարակ, ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ժողովրդական հերոսների հուշարձանին:

Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, Սերժ Սարգսյանն այնուհետ Ժողովրդական ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել ՉԺՀ ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ճանգ Դըծյանի հետ:

Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանի Նախագահին և ընդգծել, որ ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի և լավ գործընկեր, որի հետ դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը հիմնված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Նա կարևորել է Սերժ Սարգսյանի պետական այցը Չինաստան և դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ կայացած բարձր մակարդակի արդյունավետ բանակցությունները, որոնք, Ճանգ Դըծյանի համոզմամբ, նոր խթան կհաղորդեն երկկողմ հարաբերություններին՝ դրանք բարձրացնելով որակապես նոր մակարդակի:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի ու հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանը Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում է որպես իր արտաքին քաղաքականության կարևոր առաջնորդություններից մեկը և մեծ նշանակություն է տալիս աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկը ներկայացնող ու միջազգային հանրության ազդեցիկ անդամ Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունների խորացմանը:

Այնուհետ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության մաս կազմող Կայսերական ամառային պալատում, որտեղ լավագույնս արտացոլված է չինական հարուստ մշակույթն իր բազմազանությամբ:

Մեկնաբանել