«100-ամյակը առանց ռեժիմի».տնտեսական լյուստրացիան՝ հիմնական գործողություն

hqdefault«Ես համոզված եմ, որ մենք գտնելու ենք այն մեխանիզմը, որ «բանկային համակարգ» հասկացությունը վերջիվերջո ծառայի իր նպատակին, այլ ոչ թե հակառակը՝ ինչպես այսօր է կատարվում»,- մարտի 26-ի մամուլի ասուլիսին հայտարարեց «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ նրա՝ անցումային այս շրջանում շարժման կարևորագույն գործողություններից մեկը լինելու է տնտեսական լյուստրացիան։

Քաղաքացիական անհնազանդության կոչ Սեֆիլյանը հնչեցրել էր նաև մեկ օր առաջ՝ հորդորելով քաղաքացիներին չվճարել հայաստանյան բանկերից վերցված վարկերը։

Քաղաքացիական անհնազանդության առաջին կոչով Սեֆիլյանը հանդես էր եկել փետրվարի 27-ին՝ առաջարկելով չվճարել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:

Հարցին՝ եթե մեկ ամսից իշխանափոխություն չլինի, ով է պատասխանատվություն կրելու բոլոր տույժերի և տուգանքների համար, որոնք կկուտակվեն այդ ընթացքում, Սեֆիլյանը նշեց, որ իրենք շատ լավ գիտակցում են՝ երբ են այսպիսի կոչ հնչեցնում։ «Եթե շատերը կարծում են, թե կողքից դիտելով հնարավոր է երկրում դրական փոփոխության հասնել, ապա նրանք չարաչար սխալվում են։ Եթե կարծում են, որ մի խումբ մարդիկ առանց իրենց կողմից ճիգ գործադրելու կարող են փոփոխություններ բերել, չարաչար սխալվում են։ Կոչը, որը ես երեկ արել եմ, ունի մոբիլիզացիոն բնույթ։ Մարդիկ պետք է գիտակցեն, որ եկել է պահը, որ նրանք ևս պետք է քայլեր իրականացնեն։ Մոբիլիզացիոն, որովհետև մենք խնդիր ունենք ապրիլի 24-ից սկսած ժողովրդին հրավիրել փողոց, և այդ քանակը օր օրի շատացնելով, հասնելու մեր գլխավոր նպատակին։ Բոյկոտի կոչերը, որոնք մեր կողմից կատարվել են և կատարվելու են, ունեն քաղաքացիական անհնազանդության կոնտեքստում մոբիլիզացիային օժանդակելու նպատակ»,- նշեց Սեֆիլյանը։

Նա անդրադարձավ նաև մարտի 28-ին շարժման՝ Գյումրիի Թատերական հրապարակում նախատեսվող հանրահավաքին։ «Հանրահավաքի մասին քաղաքապետարանն իրազեկված է, այսինքն պատկան մարմինները պարտավորված են մեր կողմից նշանակված ժամին հանրահավաքին անվտանգությունն ապահովելու։ Այսօրվանից հայտարարում եմ, որ այդ օրվա ցանկացած սադրանք վերագրվելու է իրավապահ մարմիններին»,- ասաց նա։

Անդրադառնալով ապրիլի 24-ից ծրագրվող հավաքներին՝ Սեֆիլյանը նշեց, որ իրենք որդեգրելու են «խաղաղ ճանապարհի մարտավարություն»։ «Այսօր քչերն են հավատում, որ մեզ կհաջողվի այդ մոբիլիզացիան իրականացնել, մենք հավատում ենք, որ հաջողելու ենք։ Այդ օրը (ապրիլի 24-ին, խմբ.) մենք չենք պատրաստում իրականացնել որևէ խժդժություն։ Այն ասեկոսները, որ մենք պատրաստվում ենք խանգարել ապրիլին 24-ին նվիրված միջոցառումները, ճշմարտությանը չեն համապատասխանում։ Մենք նույնպես այդ օրը հարգելու ենք զոհերի հիշատակը, մեր պարտքը կատարելու ենք, իսկ օրվա երկրորդ կեսին տեղի ունեցող հավաքի ժամի և վայրի մասին կիրազեկենք մեր ժողովրդին մի քանի օրից»,- եզրափակեց Սեֆիլյանը։

Մեկնաբանել