Հայաստանը սահմանափակ առաջընթաց է գրանցել. ԵՄ

EU-european-union-2Հայաստանը 2014թ. սահմանափակ առաջընթաց է գրանցել խոր և կայուն ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտներում: Այս մասին ասված է Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի` Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության 2014թ. առաջընթացի մասին զեկույցում, որը հրապարակվել է մարտի 25-ին:

«Հայաստանը շարունակել է իր ժողովրդավարացման անցումային գործընթացը, մասնավորապես կապված սահմանադրական բարեփոխումների հետ: Դեռևս անհրաժեշտ է հասցեագրել մարդու իրավունքներին, հիմնարար ազատություններին առնչվող որոշ խնդիրներ: Հայաստանը մշակել է մի շարք ոլորտների օրենսդրական ակտեր, որոնք համահունչ են ԵՄ կանոնների և ստանդարտների պահանջներին: Այդ օրենսդրական ակտերը հաճախ մնացել են ընդունման կիրարկման ենթակա: Հարակից բարեփոխումները մշակվել են, սակայն չեն ներդրվել: Շարունակվում է դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության բացակայութունը: Կոռուպցիայի դեմ պայքարը ևս շարունակում է մնալ առանցքային խնդիր: Ազատ իրավաբանական օգնության իրավունքի ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց:

Հայսատանը շարունակել է իրականացնել կուռ մակրոտնտեսական քաղաքականություն, ինչպես օրինակ աղքատության կրճատման և սոցիալական ներգրավվածության ուղղությամբ: 2014թ. շարունակվել է տնտեսական գործունեության դանդաղելու միտումը: Շարունակվել են նաև հարկային վարչարարության բարեփոխումները: Առաջարկվում է ներդնել ավելի մեծ ջանքեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու ուղղությամբ»,- ասված է փաստաթղթում:

Զեկույցում ԵՄ-ն անդրադառնում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին և նշում. «Մտահոգության լուրջ խնդիր է շարունակում մնալ 1994թ. ի վեր երկրում անվտանգության պահպանումը, քանի որ հրադադարի դեպքերը և միջադեպերը հասել են ռեկորդային մակարդակի, շարունակվում է հակամարտութան շուրջ ռազմատենչ հռետորաբանությունը և սպառազինության ավելացման մրցավազքը»:

Նշվում է նաև, որ ԵՄ-Հայաստան առևտրային հարաբերությունները կարիք ունեն վերասահմանման` պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ:

ԵՄ-ն, հիմնվելով երկրի առաջընթացի մասին հաշվետվության վրա, զեկույցում Հայաստանին առաջարկվում է 2015թ. իրականացնել մի շարք գործողություններ`

  • Մինչև 2017թ. խորհրդարանական ընտրությունները նախաձեռնել ընտրական օրենսդրության փոփոխություններ՝ համաձայն ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատություններիև մարդու իրավունքների գրասենյակի արված առաջարկությունների,
  • Մշակել և իրականացնել խտրականության դեմ համապարփակ օրենսդրություն,
  • Հետաքննել մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակման և ահաբեկման դեպքերը, ապահովել օրենքի արդյունավետ կիրարկումը, այդ թվում` 2008թ. մարտի 1-ի բախումների ընթացքում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ, ոստիկանական կալանքի տակ գտնվողների հանդեպ կոշտ վերաբերմունքի մասին պնդումների և պատշաճ իրավական գործընթացի խախտումների վերաբերյալ,
  • Արագացնել դատական և հարկադիր մարմինների բարեփոխումները և իրականացնել ՀՀ իշխանությունների բարեփոխմանն առնչվող օրակարգը, ինչպես նաև իրականացնել դրան առնչվող բարեփոխումների օրակարգը, շարունակել հանրային կառավարման բարեփոխումները, ատիվացնել կոռուպցիայի կանխարգելումը և դրա դեմ պայքարը,
  • Նպաստել Ղարաբաղյան հակամարտության համապարփակ խաղաղ լուծմանն ուղղված ջանքերին՝ հավատարիմ մնալով Մինսկի խմբում ստանձնած պարտավորություններին, խուսափել իրավիճակը լարող և խաղաղ գործըթացը խաթարող գործողություններից և հայտարարություններից,
  • Իրականացնել առևտրին առնչվող միջազգային օրենսդրության և ստանդարտների մոտարկում` ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների Հայաստանի արտահանման դիվերսիֆիկացման նպատակին հասնելու նպատակով:

***

Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երեքուկես տարի բանակցելուց հետո Հայաստանը 2013թ. սեպտեմբերի 3-ին նախագահի մակարդակով հայտարարեց, որ որոշել է մտնել Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի Մաքսային միությունը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միությանը։

ԵՏՄ-ն սկսեց գործել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանը պաշտոնապես միության անդամ դարձավ հունվարի 2-ից:

ԵՄ-ն և Հայաստանը վերջերս ավարտել են Հայաստանի` ԵՏՄ-ին միանալուց հետո նոր միջազգային պարտավորությունների հետ համատեղելի հետագա իրավական համաձայնագրի շրջանակի սահմանման աշխատանքները: Սա հնարավորություն կտա երկու կողմերին շուտով մեկնարկել ԵՄ-Հայաստան նոր hամաձայնագիրը, երբ հաստատվեն համապատասխան բանակցությունների մանդատները:

Մեկնաբանել