Հայաստանում դեղերի գները պետական կարգավորում կստանան

medicene-600x399Հայաստանում դեղերի գները պետական կարգավորում կստանան: Դա նախատեսվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով, որը մարտի 26-ին գործադիրի նիստին արժանացել է  հավանության: Փոփոխություններ  են նախատեսված նաև դեղերի «Լիցենզավորման մասին», ինչպես նաև հինգ այլ օրենքներում:

Դեղերի շրջանառության ոլորտում ծագող հարաբերությունները կարգավորող մայր օրենքն ընդունվել է 1998թ. և ներկայում չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ սպեկտրը:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը: Բացի այդ՝ մանրամասն օրենսդրական կարգավորման են ենթարկվում դեղերի շրջանառության բոլոր փուլերը՝ սկսած դեղի ստեղծումից մինչև գովազդի և իրացման փուլերը: Սահմանվում են դեղերի պետական գրանցման հիմնական սկզբունքները, մեխանիզմները, պետական գրանցմանը ներկայացվող նորացված պահանջները, օրենսդրական կարգավորման են ենթարկվում դեղերի արտադրությանը ներկայացվող պահանջները, սահմանվում են դեղերի արտադրության լիցենզիայի կասեցման լրացուցիչ հիմքեր, սահմանվում են դեղերի ներմուծմանը և արտահանմանը, ներմուծման և արտահանման հավաստագրեր տրամադրելուն ներկայացվող պահանջները, հստակ տարանջատվում են դեղերի մասին տեղեկատվության և գովազդ հասկացությունը:

Նոր օրենքով նախատեսվում են նաև հստակեցումներ դեղերի հետկանչի վերաբերյալ, որի համաձայն՝ համապատասխան ժամկետում եւ պայմաններով դեղերի հետկանչը չիրականացնելու դեպքում նախատեսվում է տույժ՝ նվազագույն աշխատավարձի 500-600-ապատիկի չափով: