Մեր արտաքին քաղաքական ուղեգիծն անփոփոխ է. Ղարիբաշվիլի

SM_irakli-garibashvili Առաջին հերթին ես ինքս ինձնից եմ ավելին պահանջում. Ղարիբաշվիլի

Մեր ուղեգիծն անփոփոխ է. այսպիսի հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մարտի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Վրաստանի արևմտամետ քաղաքականության փոփոխություն:

Նա «աընդունելի է» համարել իշխող՝ «Վրացական երազանք» դաշինքի կազմի մեջ մտնող «Արդյունաբերողների» կուսակցության առաջնորդների հայտարարությունները, որոնք դեմ են Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրմանը: Ղարիբաշվիլիի խոսքով՝ նման կարծիքը մասնավոր է, և չի արտահայտում դաշինքի դիրքորոշումը:

«Ոչ ոք չի կասկածում, որ մեր արտաքին քաղաքականությունը բացարձակապես հստակ է և բաց՝ սահմանված խորհրդարանի կողմից: Մենք այդ հարցում լիարժեք կոնսենսուս ունենք, և Վրաստանի կառավարությունն արդյունավետորեն կյանքի է կոչում այդ ուղեգիծը»,- Newsgeorgia-ն մեջբերում է Վրաստանի վարչապետին:

Միևնույն ժամանակ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ կառավարության «ճիշտ և կառուցողական քաղաքականության շնորհիվ» հնարավոր է դարձել հասնել լարվածության թոթափման և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման: Թեև քաղաքական համատեքստում նշանակալի նվաճումներ չկան, սակայն, ըստ Ղարիբաշվիլիի, կա բարելավում առևտրա-տնտեսական ոլորտում:

«Կշարունակենք Ռուսաստանի հարցում վարել կառուցողական և պրագմատիկ քաղաքականություն»,- ասել է Ղարիբաշվիլին:

Կառավարության գործունեությունն ու լարիի արժեզրկումը

Անդրադառնալով կառավարության գործունեությանն ու նվաճումներին՝ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանում վերջին տարիներին գրանցվել է օտարերկրյա ուղիղ ներդրումների և ՀՆԱ-ի աճ, գործընկեր երկրների հետ առևտրաշրջանառության ծավալի աճ, ինչպես նաև բիզնեսի և զբոսաշրջության զարգացում, ինչը նպաստում է զբաղվածության աճին:

Վրաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ ազգային արժույթի արժեզրկման ֆոնին կառավարության գործունեության գերակայություններից մեկը տնտեսական կայունությունն է:

«Լարիի փոխարժեքի հետ կապված իրադարձությունները զարգացել են ադեկվատ՝ արտաքին գործոնների ազդեցության տակ: Տարածաշրջանում առկա ծանր տնտեսական-քաղաքական իրադրությունը պայմանավորել է մեր արժույթի արժեզրկումը»,- պարզաբանել է Ղարիբաշվիլին:

Պատասխանելով հարցին, թե արյդոք երկրում տիրող տնտեսական իրավիճակը կարո՞ղ է անդրադառնալ կառավարության որոշ անդամների վրա, Վրաստանի վարչապետն ասել է. «Հրաժարականներ կառավարության կազմում այս փուլում չեն նախատեսվում»:

Ղարիբաշվիլին ասել է, որ, այդուհանդերձ, «ինքն անկեղծ չէր լինի, եթե ասեր, որ գոհ է բոլոր նախարարների աշխատանքից»:

«Առաջին հերթին ես ինքս ինձնից եմ ավելին պահանջում, մենք պետք է կարողանանք անել առավելագույնը, և դրան եմ կոչ անում բոլոր նախարարներին… »,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:

***

Վրացական լարին սկսել է արժեզրկվել դեռ 2014թ․նոյեմբերից, երբ լարիի փոխարժեքը տատանվում էր 1,75-1-85 լարի/1 դոլար միջակայքում: Նոյեմբերից մինչ այժմ լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 29%-ով, եվրոյի նկատմամբ՝ 16%-ով:

Փետրվարի 5-ին լարիի փոխարժեքը կազմել է 1,99 լարի/1 դոլար, փետրվարի 13-ին՝ 2,02 լարի, իսկ արդեն փետրվարի 23-ին՝ 1,17 լարի: Վերջին աճուրդների արդյունքում լարիի փոխարժեքը սահմանվել է մոտ 2,2 լարի/1 դոլար: