Երկրորդ օդաչուն «միտումնավոր է կործանել» A320-ը. Մարսելի դատախազ

Ֆրանսիայի Մարսել քաղաքի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել է, որ մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն հնարավոր է՝ միտումնավոր է կործանել օդանավը: Հայտնաբերված «սև արկղից» ստացված ձայնագրությունները վկայում են, որ նա վերահսկել է օդանավի անկումը մինչև լեռներում վայր ընկնելը, հաղորդում է Reuters-ը:

«Կարող եմ ասել, որ նա միտումնավոր է թույլ տվել, որ ինքնաթիռը կորցնի բարձրությունը: Նա նման բան անելու պատճառ չուներ, նա չուներ կապիտանին ներս չթողնելու և ավիադիսպետչերներին չբացատրելու պատճառ»,- ասել է Ռոբենը:

Դատախազը տեղեկացրել է, որ կործանված ինքնաթիռի օդաչուներից մեկը վթարից առաջ հայտնվել է խցիկից դուրս և չի կարողացել վերադառնալ իր տեղը: Ըստ ստացված տվյալների՝ օդաչուն ապարդյուն փորձել է վերադառնալ ղեկի մոտ, սակայն դուռը արգելափակված է եղել:

«Սկզբից նա հանգիստ թակում է օդաչուների խցիկի դուռը և չի ստանում որևէ պատասխան,- քննիչներից մեկի խոսքերը մեջբերում է New York Times-ը:- Ապա նա սկսում է ավելի ուժեղ թակել՝ ոչ ոք չի պատասպանում: Այնուհետև լսվում է, որ նա փորձում է կոտրել դուռը»:

«Այս պահին ոչ մի բան մեզ թույլ չի տալիս եզրակացնել, որ դա ահաբեկչական գործողություն էր»,- հավելել է Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը:

***

Lufthansa ավիաընկերության դուստր Germanwings ընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը, որը մարտի 24-ին թռիչք էր կատարում Բարսելոնայից Դյուսելդորֆ, վերելքից հիսուն րոպե անց ընկել է Ֆրանսիայի հարավում՝ լեռներում: Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ըստ հաղորդագրությունների՝ անկումից առաջ ինքնաթիռը ութ րոպեի ընթացքում կորցրել է բարձրությունը: Ֆրանսիական ժանդարմերիան հաստատել է ինքնաթիռում եղած բոլոր մարդկանց զոհվելու վերաբերյալ ենթադրությունները: Մարտի 24-ի ուշ երեկոյան հայտնաբերվել է կործանված օդանավի «սև արկղերից» մեկը՝ մեծապես վնասված վիճակում: Ինքնաթիռում եղած ուղևորներից 45-ը Իսպանիայի, առնվազն 67-ը՝ Գերմանիայի քաղաքացիներ էին, ինչպես նաև Ավստրալիայի, Ղազախստանի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի քաղաքացիներ:

Մեկնաբանել