Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը մարտի 26-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, դեսպան Կիրակոսյանն անդրադարձել է մարտի 19-ին շփման գծի հյուսիսային հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի չորս զինծառայող: Նա ընդգծել է, որ ԼՂՀ պաշտպանության բանակի հակահարվածի արդյունքում հակառակորդը տվել է բազմաթիվ զոհեր, ինչն ադրբեջանական կողմը փորձում է թաքցնել` պաշտոնապես արգելելով լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների այցելությունները սահմանամերձ բնակավայրեր:
ՀՀ մշտական ներկայացուցիչը նշել է, որ Ադրբեջանն առաջին անգամ կիրառել է խոշոր՝ 120 մմ տրամաչափի հրետանի, ինչն ի ցույց է դնում Բաքվի մտադրությունը` շարունակել ընթանալ զինված առճակատման ճանապարհով: «Դրանով Ադրբեջանը ձգտում է խարխլել 1994թ. հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը, խախտել ռազմական հավասարակշռությունը»,- ասել է նա` Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կոչ անելով ուշադրություն դարձնել այդ վտանգավոր զարգացման վրա:
Արման Կիրակոսյանն ափսոսանք է հայտնել, որ այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը նշում է ռասայական խտրականության վերացման միջազգային օրը, Ադրբեջանի ղեկավարությունը հանդես է գալիս այլատյացության և անհանդուրժողականության կոչերով: Այդ կապակցությամբ նա մեջբերել է Ադրբեջանի նախագահի և պաշտպանության նախարարի հայտարարությունները, որոնցում նրանք տարածքային նկրտումներ են ներկայացրել Հայաստանի մայրաքաղաքի և այլ տարածքների նկատմամբ ու անթաքույց արտահայտել իրենց մտադրությունը արցախյան հիմնահարցը լուծել ռազմական ագրեսիայի ճանապարհով:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զանգվածային ջարդերից պաշտպանությունը ԼՂՀ իշխանությունների պարտականությունն է: Նա հիշատակել է, որ Ադրբեջանի կողմից վերահսկվող ԼՂ տարածքներում իրականացվել են հայ բնակչության էթնիկական զտումներ: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը փաստել է, որ Ադրբեջանը ձգտում է վերսկսել զինված հակամարտությունը` Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ուժով ճնշելու նպատակով:
Դատապարտելով Ադրբեջանի ուժային քաղաքականությունը՝ դեսպանը նշել է, որ Ադրբեջանը պատասխանատվություն է կրում իրավիճակի սրման և դրա հետևանքների համար: Նա վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման միջոցով հիմք է խաղաղ բանակցությունների առաջընթացի համար:
***
Մարտի 19-ի առավոտյան հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խումբը Լեռնային Ղարաբաղում հարձակում էր ձեռնարկել հյուսիսային (Գյուլիստանի) ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա: Հայկական կողմը տվել էր երեք զոհ, չորս վիրավոր: Վիրավորներից մեկը մարտի 26-ին մահացավ http://civilnet.am/2015/03/26/wounded-soldier-died/#.VRT-EPmsX6M Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում:
ԼՂՀ ՊՆ-ն մարտի 26-ին հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: