Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություն Պինտոյում

g_image (1)Իսպանիայի Պինտո քաղաքում մարտի 26-ին տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունն արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցադրություն:

Ինչպես հաղորդում են արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ցուցադրությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Իսպանիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են Իսպանիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Ադոնցը շնորհակալություն է հայտնել Պինտոյի քաղաքապետին և քաղաքապետարանի խորհրդի անդամներին` Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար: Դեսպանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին` ներկայացնելով դրանց էությունն ու բովանդակությունը:

Ցուցադրությունն ուղեկցվել է հայկական դուդուկի և երգերի կենդանի կատարումներով:

Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: