Վրաստան-ԵՄ անայցագիր հաղորդակցությունը՝ Ռիգայի գագաթաժողովից հետո

beruchashvili-tamarՎրաստան-Եվրամիություն անայցագիր ռեժիմը կսահմանվի Ռիգայում Արևելյան գործընկերության գագաթաժողովից անմիջապես հետո: Այս մասին մարտի 26-ին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, հաղորդում է «Գրուզիա օնլայնը»:Նրա խոսքով՝ Վրաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատանքներ է տանում՝ հաշվի առնելով այցագրերի ազատականացման գործընթացում ընդգրկված ԵՄ պետությունների հետ կապված բոլոր առանձնահատակությունները:Նախարարը տեղեկացրել է, որ գործընթացը գնահատող առաքելությունն իր աշխատանքներն ավարտել է, և ներկայում վրացական կողմը  սպասում է փորձագետների զեկույցին, որը կընդգրկվի Եվրահանձնաժողովի վերջնական զեկույցում: Փաստաթուղթը ԵՄ անդամ պետությունների դիտարկմանը կներկայացվի Ռիգայի գագաթաժողովում:

«Մենք առավելագույն ջանքեր ենք գործադրում, որպեսզի զեկույցը դրական լինի՝ քաղաքական համապատասխան աջակցություն ստանալու համար: Ինչ վերաբերում է գործնական քայլերին, թե Վրաստանի քաղաքացիները երբ կկարողանան կենսաչափական անձնագրերով ազատ տեղաշարժվել ԵՄ-ով, Շենգենյան երկրներով, դա հնարավոր կլինի Ռիգայի գագաթաժողովից անմիջապես հետո: Դրա համար անհրաժեշտ է ստանալ քաղաքական լրացուցիչ աջակցություն, ինչպես նաև ավարտին հասցնել ամբողջ գործընթանցը: Այդ փուլից հետո ԵՄ անդամ պետությունների խորհուրդը համապատասխան որոշում կընդունի»,- ասել է Բերուչաշվիլին:

Արևելյան գործընկերության գագաթաժողովը Ռիգայում կանցկացվի մայիսի 21-22-ը:

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել էր 2014թ. հունիսին: Փաստաթուղթը նախաստորագրվել էր 2013թ. նոյեմբերին՝ Արևելյան գործընկերության նախորդ՝ Վիլնյուսում տեղի ունեցած գագաթաժողովին: