Հայաստանը և Չինաստանը՝ մշտապես միմյանց աջակցող գործընկերներ. Սերժ Սարգսյան

10179Հայաստանը և Չինաստանը լինելու են մշտապես միմյանց աջակցող գործընկերներ:

Այսպիսի հայտարարություն է արել պետական այցով Չինաստանում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 27-ին Պեկինի համալսարանում իր ելույթի ընթացքում:

«Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է երկու աշխարհների՝ Արևելքի և Արևմուտքի սահմանագծին, ինչը հայ ժողովրդին ընկալելի է դարձրել թե´ Եվրոպայի և թե´ Ասիայի համար: Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Չինաստանի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է իր պատմական և քաղաքակրթական հարուստ ժառանգությունն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ ձեր երկիրը ծառայում է որպես օրինակ այնպիսի պետության, որը, բարեփոխումների և զարգացման ճիշտ ընտրված ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհն առաջնորդող պետությունների շարքում:

Այսօր ՉԺՀ-ն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային քաղաքականության և տնտեսության արդի զարգացումներին՝ մեծապես նպաստելով գլոբալ խաղաղության ու անվտանգության ապահովմանը: Մենք կարևորում ենք նաև Չինաստանի շարունակական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանային գործընթացներին:

Չինաստանը մեծ երկիր է, որն ուրիշ ժողովուրդների հետ իր հարաբերությունները միշտ զարգացրել է իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա: ՉԺՀ-ի հետ իրականացվող համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում թե´ ծավալային և թե´ բովանդակային առումով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանն ակնկալում է չինական ընկերությունների ակտիվ մասնակցությունը Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման գործում: Ըստ նախագահի՝ այն կապահովի տարածաշրջանի համաչափ զարգացումը, ինչը լիովին համահունչ է Չինաստանի «խաղաղություն հանուն զարգացման» կարգախոսին: Միևնույն ժամանակ այն կապահովի չինական կողմի գործուն ներկայությունը հարավկովկասյան տարածաշրջանում, ինչպես նաև զարկ կտա Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին:

«Մեր երկու պետությունները մտադիր են նաև ընդլայնել կապերը մեր ժողովուրդների միջև, մասնավորապես՝ հատուկ ուշադրություն դարձնել զբոսաշրջության ոլորտի զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ավելի լավ և մոտիկից ճանաչել իրար: Դրան միտված կլինի Հայաստանի և Չինաստանի միջև ուղղակի ավիահաղորդակցության հաստատումը, որի հարցով պետք է զբաղվեն մեր երկրների համապատասխան գերատեսչություններն ու ձեռնարկությունները»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ նման գործելաոճով հարաբերություններ կառուցելու և ամրապնդելու համար:

Հայաստանի նախագահին համալսարանում ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հանդիպման ժամանակ շնորհվել է Պեկինի համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում:

Մեկնաբանել