Հայաստանը մասնակցել է եվրոպական կոնվենցիայի իրականացման բարձրաստիճան համաժողովին

CE ArmeniaՄարտի 26-ից 27-ը Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) նախարարների կոմիտեի Բելգիայի նախագահության շրջանակում Բրյուսելում տեղի է ունեցել «Եվրոպական կոնվենցիայի իրականացումը մեր ընդհանուր պատասխանատվությունն է» խորագրով բարձրաստիճան համաժողով:

Ինչպես հաղորդում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, Եվրոպայի Խորհրդի 47 անդամ երկրներից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցում էին նաև ԵԽ գլխավոր քարտուղարը, ԵԽԽՎ և ՄԻԵԴ նախագահները, Մարդու իրավունքների հարցերով ԵԽ հանձնակատարը, Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահը: Համաժողովին Հայաստանը ներկայացնում էին արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ Արման Թաթոյանը և ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանը:

Համաժողովի նպատակն էր վերահաստատել անդամ երկրների հանձնառությունը` ապահովելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի անկախությունը և բարձր հեղինակությունը:

Հայկական պատվիրակությունն իր ելույթում վերահաստատել է Հայաստանի աջակցությունը կոնվենցիոն համակարգի ամրապնդման ջանքերին, ներկայացրել է կոնվենցիոն երաշխիքների իրացման և ՄԻԵԴ վճիռների կատարման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը և վերջին շրջանում ձեռք բերված արդյունքները:

Համաժողովի արդյունքում ընդունվել է բրյուսելյան հռչակագիր, որը նոր խթան կհաղորդի 2010-ից ի վեր ընթացող բարեփոխումներին՝ շեշտը դնելով Կոնվենցիայի իրականացման՝ պետությունների ընդհանուր պատասխանատվության և ՄԻԵԴ վճիռների կատարման վրա։ Հռչակագիրն ամփոփում է Բրայթոնի համաժողովից հետո կատարված աշխատանքը և վերահաստատում ընդհանուր քաղաքական հանձնառությունը դեպի արդյունավետ կոնվենցիոն համակարգ։ Հռչակագիրը ներառում է նաև գործողությունների ծրագիր, որով ուղենշվում են անդամ երկրների, ՄԻԵԴ-ի և ԵԽ նախարարների կոմիտեի կողմից ձեռնարկվելիք քայլերն` ուղղված հռչակագրում տեղ գտած նպատակների իրականացմանը: