A320-ի երկրորդ օդաչուն գործատուից թաքցրել է, որ տառապում է դեպրեսիայով. դատախազներ

Co-Pilot Illness Դատախազները նաև տեղեկացրել են, որ օդաչուի տանը մահից առաջ թողած գրություն չի հայտնաբերվել:

Germanwings ավիաընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռի երկրորդ օդաչուն տառապել է դեպրեսիայով և թաքցրել է իր վիճակը գործատուներից: Այս մասին, միջազգային լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել են գերմանացի դատախազները՝ օդաչուի տանը խուզարկության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերի հիման վրա:

Airbus A320-ի երկրորդ օդաչու 28-ամյա Անդրեաս Լյուբիցի տանը հայտնաբերված փաստաթղթերից մեկը բժշկական պատռված տեղեկանքն էր, որը Լյուբիցին ազատում էր ավիավթարի օրը աշխատանքի ներկայանալուց: Դատախազները նաև հայտնել են, որ օդաչուի տանը մահից առաջ թողած գրություն չի հայտնաբերվել:

Դատախազի խոսնակ Ռալֆ Հերենբրուեքը գրավոր հայտարարության մեջ տեղեկացրել է, որ «պատռված տեղեկանքն ապացուցում է նախնական այն վարկածը, որ հիվանդն իր հիվանդությունը թաքցնում էր գործատուից և գործընկերներից»:

Գերմանական Bild պարբերականը գրել է, որ 2009թ. Լյուբիցի մոտ դեպրեսիա է ախտորոշվել, որից հետո մեկ ու կես տարվա ընթացքում նա բուժում է ստացել. նա պետք է պարբերաբար հոգեկան վիճակի ստուգումներ անցներ: Պարբերականը նաև տեղեկացնում է, որ ավիավթարից որոշ ժամանակ առաջ Լյուբիցը բաժանվել էր իր ընկերուհուց, և հնարավոր է՝ նա տառապել է սիրելիի հետ հարաբերություններում ստեղծված ճգնաժամից: Խուզարկություններն անցկացվել են այն տանը, որտեղ Լյուբիցը բնակվում էր ընկերուհու հետ, ինչպես նաև նրա ծնողների բնակարանում:

Մարտի 26-ին Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել էր, որ Լյուբիցը «կանխամտածված է կործանել» ինքնաթիռը, նրա դեմ հարուցվել է քրեական գործ՝ «կանխամտածված սպանության» հոդվածով:

***

Lufthansa ավիաընկերության դուստր Germanwings ընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը, որը մարտի 24-ին թռիչք էր կատարում Բարսելոնայից Դյուսելդորֆ, վերելքից հիսուն րոպե անց ընկել է Ֆրանսիայի հարավում՝ լեռներում: Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ըստ հաղորդագրությունների՝ անկումից առաջ ինքնաթիռը ութ րոպեի ընթացքում կորցրել է բարձրությունը: Ֆրանսիական ժանդարմերիան հաստատել է ինքնաթիռում եղած բոլոր մարդկանց զոհվելու վերաբերյալ ենթադրությունները: Մարտի 24-ի ուշ երեկոյան հայտնաբերվել է կործանված օդանավի «սև արկղերից» մեկը՝ մեծապես վնասված վիճակում: Ինքնաթիռում եղած ուղևորներից 45-ը Իսպանիայի, առնվազն 67-ը՝ Գերմանիայի քաղաքացիներ էին, ինչպես նաև Ավստրալիայի, Ղազախստանի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի քաղաքացիներ: