Գյումրիի ռուսական ռազմաբազան նոր հրամանատար կունենա

Russian_102nd_Military_Base_EntranceԳյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին մարտի 29-ին հեռացվել է ռազմակայանի հրամանատարի պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Ռազմաբազայի նոր հրամանատարը պարտականությունների կատարմանը կանցնի մարտի 30-ին. այս մասին, ըստ ռուսական «Ինտերֆաքս» գործակալության, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի` ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևը:

Նա չի հստակեցրել, թե կոնկրետ ով է գլխավորելու ռուսական ռազմաբազան, սակայն «Ինտերֆաքսը» նշում է, որ իր տեղեկությունների համաձայն` նոր հրամանատար է դառնալու գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովը:

Օլեգ Լեբեդևը ղեկավարում է Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանությունից հետո ստեղծված խորհրդարանական համատեղ հանձնաժողովի ռուսական մասը:

Մարտի 29-ին ռուս պատգամավորները մեկնել էին Գյումրի` ծաղիկներ դնելու Ավետիսյանների ընտանիքի գերեզմանին:

Պատասխանելով Շիրակի մարզի ղեկավարների հարցերին` Լեբեդևն ասել է. «Հանցագործությունը նա [մեղադրյալ Վալերի Պերմյակովը – խմբ.] միայնակ է կատարել»:

Լեբեդևը պատմել է, որ հետաքննության ընթացքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական վերահսկողության ներքո է, և ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ամեն շաբաթ Պուտինին զեկուցում է հետաքննության մասին: Նա հաստատել է, որ Պերմյակովի դատավարությունն անցկացվելու է Գյումրիում, և որ արդեն հարցաքննվել է 4 հազ. վկա, իրականացվել է 19 փորձաքննություն:

***

Հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում սպանդի էին ենթարկվել Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները, ողջ էր մնացել միայն ընտանիքի վեց ամսական երեխան՝ Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վիճակում հոսպիտալացվել էր կրծքի շրջանում կտրած-ծակած վերքով։ Երկու վիրահատությունից և կյանքի համար յոթ օր մղած պայքարից հետո Սերյոժա Ավետիսյանը հունվարի 19-ին մահացավ Երևանում։

Ոճրագործության համար մեղադրվում է Գյումրիի ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որը, ըստ պաշտոնական վարկածի, ձերբակալվել է ռուս սահմանապահների կողմից՝ հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս։ Նա պահվում է ռուսական ռազմաբազայի կալանավայրում։

Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու և ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

Մեկնաբանել