Իշխող կուսակցության քաղաքականությունը երբեք չեն մարմնավորել այդքան ձախողումներ բոլոր մակարդակներում. Սարկոզի
Մարտի 29-ին Ֆրանսիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում, ըստ էքզիթ-փոլերի, հաղթանակ են տարել աջ կենտրոնամետները՝ Նիկոլա Սարկոզիի «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավորությամբ, հաղորդում է BBC-ն:
Նախնական հաշվարկներով՝ Սարկոզիին հաջողվել է հաղթել առնվազն 65 տեղական խորհուրդներում (մինչև այս ընտրությունները «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցությունը վերահսկում էր 41 խորհուրդ), մինչդեռ իշխող՝ Սոցիալիստական կուսակցությունն իր դիրքերը զիջել է մոտ 30 խորհրդում:
Ինչպես մամուլի ասուլիսին հայտարարել է Նիկոլա Սարկոզին՝ ընտրությունների արդյունքները հստակ ցույց են տվել, որ «ժողովուրդը դեմ է ներկայիս կառավարությանը»:
«Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը մերժում է Ֆրանսուա Օլանդի և նրա կառավարության քաղաքականությունը,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին:- Իշխող կուսակցությունը երբեք այդքան տեղեր չի կորցրել, երբեք չի առաջացրել այդքան անվստահություն և դժգոհություն, իշխող կուսակցության քաղաքականությունը երբեք չեն մարմնավորել այդքան ձախողումներ բոլոր մակարդակներում»:
ՏԻՄ ընտրություններում իր դիրքերն է ամրապնդել նաև Մարին Լե Պենի գլխավորած՝ ծայրահեղ աջ «Ազգային ճակատը», սակայն դեռ պարզ չէ՝ կհաջողվի այդ ուժին ամբողջությամբ վերահսկողության տակ առնել տեղական խորհուրդներից գոնե մեկը:
Ինչպես հաղորդում է Euronews-ը, ձախերի պարտությունն արդեն ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը: Նա հայտարարել է, որ սոցիալիստները «շատ անհաջող են հանդես եկել», և «Ազգային ճակատի» ժողովրդականության աճն անվանել է «ֆրանսիական քաղաքական բնապատկերում հիմնարար փոփոխությունների նախանշան»:
Ֆրանսիայում վերջին տեղական ընտրությունների արդյունքները շատերը համարում են ֆրանսիացիների տրամադրությունների ցուցիչ. 2017թ. նրանք ընտրելու են նոր նախագահ:
Ընտրությունները չեն անցկացվել ֆրանսիական երկու խոշորագույն քաղաքներում՝ Փարիզում և Լիոնում: