Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Բուենոս Այրեսում

g_imageԲուենոս Այրեսի Իսպանացիների հուշարձանին կից հրապարակում արգենտինահայ դիրիժոր Սանտյագո Չոսուրյանի ղեկավարությամբ մարտի 28-ին տեղի է ունեցել «Քեզ հետ, Հայաստա՛ն» խորագրով համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում են ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունից, hամերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Մոցարտի, Վերդիի, Աստոր Պիացցոլայի, Ալբերտո Խինաստերայի, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի ստեղծագործությունները:

Արգենտինայի Երիտասարդական պետական և Կույրերի պետական երգչախմբերի կատարմամբ հնչել է Շառլ Ազնավուրի և Ժորժ Կառվարենցի հեղինակած «Քեզ համար, Հայաստա՛ն» երգը:

Միջոցառմանը ներկա են եղել Բուենոս Այրես քաղաքի մի շարք պաշտոնյաներ, Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, արգենտինահայ համայնքային կառույցների, Արգենտինայի քաղաքական, մշակութային, գիտական և ակադեմիական լայն շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ: