Եգիպտոսը ցանկանում է արաբական միացյալ բանակ ստեղծել

egypt armed forcesԱրաբական պետությունների լիգայի (ԱՊԼ)՝ Եգիպտոսում մարտի 28-29-ին տեղի ունեցած գագաթաժողովի արդյունքում որոշում է կայացվել ստեղծել միասնական զինված ուժեր, հաղորդում է Al Jazeera-ն: Գաղափարի հեղինակը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Սիսին է: Որոշման շարժառիթը Եմենում ճգնաժամային իրադրությունն է և տարածաշրջանի առաջ ծառացած մարտահրավերները:

Գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են ամիսներ: Նախկինում նմանատիպ մեխանիզմները մասնատված արաբական աշխարհում շոշափելի արդյունքների չեն հանգեցրել: Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին մամուլի ասուլիսին հայտարարել է, որ արաբական միացյալ զինված ուժերը գործելու են կամավոր սկզբունքով, այսինքն՝ ոչ մի երկիր ստիպված չի լինելու մասնակցել դրանց: Նախարարը տեղեկացրել է, որ առնվազն երկու երկիր պատրաստ է ներդրում ունենալ բանակի ստեղծման գործում: Նա չի մասնավորեցրել, թե Եգիպտոսից բացի որ երկիրն է ցանկություն հայտնել մասնակցելու նախաձեռնությանը:

ԱՊԼ միասնական բանակը կղեկավարեն արաբական զինված ուժերի շտաբերի պետերը: Եգիպտացի պաշտոնյաների տեղեկացմամբ՝ ստեղծվելիք միասնական բանակը կազմված կլինի մոտ 40 հազ. էլիտար զորքերից՝ ամրապնդված ռազմաօդային և ռազմածովային ուժերով:

Գագաթաժողովի արդյունքներով ընդունված բանաձևում ասված է, որ միասնական բանակը կտեղակայվի ազգային անվտանգության սպառնալիքի առաջ հայտնված ցանկացած արաբական պետության խնդրանքով, ինչպես նաև կօգտագործվի ահաբեկչական խմբերին դիմակայելու նպատակով:

Associated Press-ի փոխանցմամբ՝ արաբ առաջնորդները գագաթաժողովի ժամանակ անընդհատ խոսել են տարածաշրջանում արաբական ինքնությանն սպառնացող վտանգի մասին, որը գալիս է «օտար» կամ «դրսի» ուժերից: Արաբ սուննի առաջնորդները մտավախություն ունեն, որ Արևմուտքի և շիական Իրանի միջև հնարավոր համաձայնությունը կարող է նպաստել Իրանի տարածաշրջանային ազդեցության աճին:

***

ԱՊԼ գագաթաժողովն ու դրա ընթացքում ձեռք բերված համաձայնությունը հետևել է Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների օպերացիային Եմենում, որն սկսվել էր անցյալ շաբաթ: Կոալիցիան օդային հարվածներ է հասցրել Եմենում շիա հութիների [կապված են Իրանի հետ] դիրքերին: Արաբ առաջնորդները հայտարարել են, որ օպերացիան կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Եմենի իշխանության դեմ ապստամբած հութիները նահանջեն և վայր դնեն զենքը՝ թույլ տալով, որ երկիրը վերամիավորվի: