Ադրբեջանում գերեվարված հայի գործով դատական առաջին նիստը ապրիլի 7-ին

soldier-line-of-contact-31 Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, 2014թ. դեկտեմբերի  26-ին գերեվարված Արսեն Բաղդասարյանի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 7-ին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, դատավարությունը կընթանա Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը դեկտեմբերին տեղեկատվություն էր տարածել, թե Լեռնային Ղարաբաղի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, որի հետևանքով «դիվերսանտ Բաղդասարյանը գերի է ընկել»: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում: «Ինչ վերաբերում է Արսեն Էդուարդի Բաղդասարյանի գերեվարմանը, ապա ՊԲ-ն իրազեկում է, որ տվյալ անձը, հանդիսանալով պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից»,- ասված էր ԼՂՀ ՊՆ հաղորդագրությունում:

Մարտի 10-ին Բաղդասարյանին ներկայացվել է հանցավոր խմբավորման անդամ լինելու, մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից սպանության փորձի, երկու կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի, ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության, Ադրբեջանին տնտեսական վնաս պատճառելու մեղադրանք: