Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նոր ցուցահանդես կբացվի

MHM94485 copyՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու շաբաթից հանդես կգա վերջին յոթ տարիների ընթացքում հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութերի ցուցադրությամբ:

«Երկու հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող թանգարանի դիզայնն արվել է անվճար, և դա արվել է մեր թիմի միասնական համաձայնությամբ: Դա արվել է այն պարզ բացատրությամբ, որ մենք չենք կարող գումար վաստակել մեր ազգի ողբերգության հաշվին»,- մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ հավելելով, որ շուկայական գներով դա բավական մեծ գումար է կազմում, ինչից իրենք հրաժարվել են:

Դեմոյանը խոսեց նաև 2015թ. արդեն կատարված աշխատանքի և առաջիկա անելիքների մասին: Նա նշեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցադրություններ ու միջոցառումներ անցկացվելու են գրեթե բոլոր աշխարհամասերում:

Առաջիկայում մեծ ցուցադրություններ են նախատեսվում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում, Նյու Յորքում, ինչպես նաև Մոսկվայի Հայրենական մեծ պատերազմի թանգարանում: Ապրիլի 29-ին Փարիզի քաքապետարանում՝ Օթել դե Վիլի երկու սրահներում, միաժամանակ ցուցադրվելու են քսաներորդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանության ցնցող դրվագները ներկայացնող թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից ներկայացված ցուցանմուշներում բացառիկ կարգով ներկայացված է Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն, որի բնօրինակներն առաջին անգամ ցուցադրվելու են հենց Փարիզի ցուցադրության ժամանակ:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը լրագրողներին տեղեկացրեց նաև, որ հուլիսի 8-12-ը թանգարան-ինստիտուտը հյուրընկալելու է ցեղասպանագետների համաժողով, որին մասնակցելու հայտ ներկայացրածների թիվը հասնում է 250 հազ-ի, ինչը երկու տարին մեկ կազմակերպվող միջոցառման համար բավական բարձր թիվ է:

Դեմոյանը, ներկայացնելով անելիքները, ասաց նաև, որ ապրիլի 2-ից Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը երկու շաբաթով փակելու է դռները՝ փորձելով ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստվել պաշտոնական պատվիարկություններին հավուր պատշաճի սպասարկելուն:

Մեկնաբանել