Աշխարհի ավիաընկերություններն անցնում են «չորս աչքի» կամ «երկու օդաչուի» կանոնին

Թռիչքների անվտանգության եվրոպական գործակալությունը (EASA) ավիափոխադրողների համար հրապարակել է հանձնարակական, ըստ որի՝ օդաչուի խցիկում պետք է գործի «չորս աչքի կանոնը»: Ըստ դրա՝ եթե ինքնաթիռի հրամանատարը դուրս է գալիս խցիկից, անձնակազմի անդամներից մեկը պետք է ներկա լինի խցիկում՝ տեղում մնացած օդաչուի կողքին: Այս մասին հաղորդում է ավիահաղորդակցության ոլորտի մասնագիտացած airtrafficmanagement.net կայքը:

Այս կանոնը մարտի 24-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարից հետո սահմանում են աշխարհի մի շարք պետությունների խոշորագույն ավիաընկերությունները, այդ թվում՝ ֆրանսիական Air France-ը, բրիտանական Easyjet-ը, նորվեգական Norwegian-ը, նորզելանդական Air New Zealand-ը, էմիրական Emirates-ն ու Etihad-ը, լատվիական AirBaltic-ը, կանադական Air Canada-ն և այլն:

Մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում Airbus A320-ի կործանումից հետո Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել էր, որ, ըստ ամենայնի, երկրորդ օդաչուն «միտումնավոր է կործանել» օդանավը: Կործանված օդանավի հայտնաբերված «սև արկղի» վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռի հրամանատարը դուրս էր եկել խցիկից: Երբ հետ է եկել, թակել է դուռը, սակայն երկրորդ օդաչուն խցիկի կողպված դուռը չի բացել: Օդանավը ութ րոպեի ընթացքում կորցրել է բարձրությունը և ընկել : Ավիավթարից հետո Լյուբիցի տանը խուզարկության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերը վկայում են, որ նա տառապում էր դեպրեսիայով և այդ փաստը թաքցրել է գործատուից և գործընկերներից:

Ավիավթարից հետո առաջիններից մեկը Գերմանիան էր, որը սահմանեց «երկու օդաչուի» կանոնը՝ հայտարարելով, որ երկրի բոլոր ավիաընկերությունները, այդ թվում՝ Lufthansa-ն, Air Berlin-ը, Condor-ը և TuiFly-ը, պայմանավորվել են նոր կանոնի սահմանման շուրջ: Ըստ դրա՝ եթե օդաչուներից մեկը հեռանում է խցիկից, նրան պետք է փոխարինի անձնակազմի անդամներից մեկը:

ԱՄՆ-ում «երկու օդաչուի» պարտադիր կանոնն արդեն վաղուց է գործում: Ինչպես Los Angeles Times-ին պատմել է American Airlines-ի օդաչու Բրայան Շիֆը, խցիկից դուրս եկած օդաչուին նրան փոխարինողը թույլ է տալիս ներս մտնել միայն դիտանցքով զննելուց հետո: Խցիկներն ԱՄՆ-ում փակվում են 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո:

***

Lufthansa ավիաընկերության դուստր Germanwings ընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը, որը մարտի 24-ին թռիչք էր կատարում Բարսելոնայից Դյուսելդորֆ, վերելքից 50 րոպե անց ընկել է Ֆրանսիայի հարավում՝ լեռներում: Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: Ըստ հաղորդագրությունների՝ անկումից առաջ ինքնաթիռը ութ րոպեի ընթացքում կորցրել է բարձրությունը: Ֆրանսիական ժանդարմերիան հաստատել է ինքնաթիռում եղած բոլոր մարդկանց զոհվելու վերաբերյալ ենթադրությունները: Մարտի 24-ի ուշ երեկոյան հայտնաբերվել է կործանված օդանավի «սև արկղերից» մեկը՝ մեծապես վնասված վիճակում: Ինքնաթիռում եղած ուղևորներից 45-ը Իսպանիայի, առնվազն 67-ը՝ Գերմանիայի քաղաքացիներ էին, ինչպես նաև Ավստրալիայի, Ղազախստանի, Նիդեռլանդների, Թուրքիայի, Դանիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի քաղաքացիներ:

Մեկնաբանել