Մենք փոխհատուցում չենք ուզում Թուրքիայից. Պետրոս Շիրինօղլու

Screen Shot 2015-03-30 at 5.20.14 PMՍուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ թուրքական Star թերթին տված հարցազրույցը մեծ աղմուկ է առաջացրել Թուրքիայի հայության շրջանում:  Թուրքական կառավարամետ թերթն այսպես է վերնագրել հարցազրույցը. «Թուրքիայի հայերի պատմական կոչը Սփյուռքին. մենք ոչ թե փոխհատուցում ենք ուզում, այլ խաղաղություն»:

Պետրոս Շիրինօղլուն, որը հայտնի է թուրքական իշխանությունների համար ախորժալուր հայտարարություններով, ասել է. «Պապս էլ է այդ իրադարձությունների ժամանակ մահացել: Մարդկանց իրար դեմ հանեցին և եղբայրը եղբորը սպանեց: Փոխհատուցում ու նման բաներ չեմ ուզում, միայն խաղաղություն եմ ուզում: Դեմ եմ 1915-ի իրադարձություններն այդքան երկարացնելուն: Պետք է հարցը փակել: Երկրի նախագահ Էրդողանն էլ ասում է, որ արխիվները մինչև վերջ բաց են: Ըստ իս՝ պետք է ուսումնասիրել և հասնել խնդրի լուծմանը: Դրանով թող պատմաբանները զբաղվեն: Եթե բացվի Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ դա ավելի մեծ տնտեսական եկամուտ կբերի, քան այն փոխհատուցումը, որ ցանկանում են: Խաղաղությունից ավելի մեծ օգուտ ի՞նչը կարող է լինել: Պետք է բացվի երկու երկրի սահմանը և խաղաղություն հաստատվի»:

Թուրքական լրատվամիջոցները Պետրոս Շինինօղլուի հայտարարությունը  գնահատում են որպես կառուցողական քայլ ուղղված Սփյուռքին, որն աշխատանքներ է իրականացնում «չեղած» Ցեղասպանությունն ընդունել տալու համար:

Demokrathaber-ին տված հարցազրույցներում Ստամբուլի հայ համայնքի անդամները քննադատել են Շիրինօղլուին՝ նշելով, որ նա որևէ իրավասություն չունի համայնքի անունից նման հայտարարություն անելու:

Քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության  անդամ Մուրադ Մըհչըն հայտարարել է, որ իրենք սպասում են, որ Թուրքիան ներողություն խնդրի:

Գրականագետ Ժակլին Չելիքն էլ ասել է, որ ինքն անտեղյակ է, որ հայ համայնքը խոսնակ ունի,  նշելով որ իր հայտարարություններով Շիրինօղլուն նմանվում է ոչ թե հայ համայանքի խոսնակի, այլ, ավելի շատ, պետության խոսափողի: «Եթե ուզում է պաշտոնական թեզերը կրկնել՝ իր անձնական նախապատվությունն է, սակայն պետք է շեշտել, որ նա ոչ մեկի խոսնակն էլ չէ»,- ասել է Չելիքը:

Կ. Պոլսի համայնքից Հարութ Օզերն ասել է հետևյալը.«Թուրքիան է ասել, ասել է՝ պետք է բարձր գոռալ, թե հարյուրամյակի նախօրեին Սփյուռքի հայությունն ինչ սխալ ճանապարհով է ընթանում, և Թուրքիայում ապրող հայերն ինչքան խաղաղ ու երջանիկ են ապրում: Իրենք ողջ լինեն: Այդ դժվարին պարտականությունը միշտ էլ ստանձնել են կա՛մ Կ. Պոլսի  Հայոց պատրիարքի տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, կա՛մ Սուրբ փրկիչ հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուն»: Ըստ Հարութ Օզերի՝ Թուրքիան գոհ կլինի Շիրինօղլուի հայտարարությունից: