Սարգիս Սերոբյան. «Ակօսի» Պարոնն ու Արևմտյան Հայաստանի գիտակը

Screen Shot 2015-03-30 at 7.16.56 PM«Մեր թերթի պատմությունը, նրա սյունը, հայերեն էջերի խմբագիրը և մեր ամեն ինչը՝ Սարգիս Սերոբյանը, մեզանից հեռացավ շաբաթ երեկոյան՝ մարտի 28-ին»: Այսպիսին էր «Ակօսի» մարտի 29-ի խորագիրը:

Սարգիս Սերոբյանը ծնվել է 1935-ին: Նրա ընտանիքը Ցեղասպանության զոհ չի դարձել սոսկ պատաբահար: «Ինձ հեքիաթ չէին պատմում: Այն հեքիաթը, որ պատմում էին ինձ, մի ճամփորդություն էր, որն սկսվել էր Սև ծովի ափերից, շարունակվել Ակնում և կանգ առել Մալաթիայի որբանոցներից մեկում: Դա մորս, տատիկիս, մորաքույրներիս ու քեռուս անցած ճամփան էր: Այդ մասին են ինձ միշտ պատմել: Գիշերը հանգիստ քնելու համար չեն երգել, դրա փոխարեն մայրս ու տատս այս պատմություններն են պատմել: Հետո մի ուրիշ երկրում քեռուս գտա: Նա էլ ինձ նույն հեքիաթը պատմեց: Ես չեմ ուզում ձեզ պատմել այդ հեքիաթը, չեմ ուզում ձեզ տխրեցնել: Իսկապես վշտալի պատմություն է»:

Պոլսեցի Սարին Քորքմազն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Սերոբյանի ընտանիքի պատմությունը, որն այժմ կրճատումներով վերապատմում ենք:

Նրանց ընտանիքի պատմությունն սկսվում է 1900-ականների սկզբներից՝ Գյումուշհանեում: Սարգիս Սերոբյանի մորական պապը՝ Պարանոկ Ավետիսյանը, ռազմական բժիշկ էր: Տատիկի անունը Զարուհի էր, նա մանուկ հասակում հունական դպրոց էր գնացել: Նրանք ամուսնացել էին 1899-ին: 1900-ին ծնվել է Սարգսի քեռին, իսկ 1908-ին՝ մայրը: 1915-ին, երբ սկսվել է «տեղահանությունը», նահանգապետի հրամանով սպանվում է Պարանոկ Ավետիսյանը: Սարգսի տատիկին՝ Զարուհուն, որդու և երկու դստեր հետ աքսորում են:

Հայերի քարավանով Ակնից Սիրիա ուղևորվելիս՝ Զարուհին իր ամենափոքր աղջկան թողնում է տեղացիներից մեկին:

Ճանապարհին Զարուհին հունարեն է խոսում, ոստիկաններն ասում են՝ ապացուցեք, որ հույն եք, ձեզ ազատ կարձակենք: Հեռագիր են ուղարկում Գյումուշհանե, բայց պատասխան չի գալիս: Այդ ընթացքում քարավանը շարունակում է իր ճանապարհը, իսկ Ավետիսյանների ընտանիքը մնում է Ակնում: Հետո հեռագիր է գալիս, որտեղ ասվում է, որ Ավետիսյանները հույն են: Մի անգամ, ընտանիքներով Գյումուշհանեում հավաքված ժամանակ, երբ տեղի երևելիները հարցրել են Պարոնակ Ավետիսյանին՝ Ձեր կին հո՞ւյն է, բժիշկը կատակով պատասխանել է՝ այո, հույն է: Եվ հենց կատակով ասված այս արտահայտությունը հետագայում նրա ընտանիքի փրկության պատճառ է դարձել:

Նրանք մնում են Ակնում՝ ծառերի տակ, սնվում աքսորված հայ ընտանիքների տներում մնացած ուտելիքով:

Այնուհետև Զարուհին իր երեխաների հետ տեղավորվում է Մալաթիայի ամերիկյան որբանոցում, աղջիկը՝ Սարգսի մայրը, 7 տարեկան էր, որդին՝ Սարգսի քեռին, 16: Նա ասում է՝ ինձ որբանոց չեն վերցնի ու հեռանում է, և դա լինում է Զարուհու և որդու վերջին հանդիպումը:

Որբանոցից հետո Սարգսի ընտանիքը հասնում է Ստամբուլ, մայրն ամուսնանում է մի սեբաստացի հայի հետ: Շատ է փնտրում իր փոքր աղջկան, ռադիոյով հայտարարություններ տալիս, սակայն այդպես էլ չի գտնում:

Սարգիս Սերոբյանի քեռին, որն ընտանիքից բաժանվել էր Մալաթիայում, զինվորական հագուստ է հագնում, հասնում Տրապիզոն, այնտեղից նավով փախչում է Ստամբուլ, հետո գնում Հունաստան ու այնտեղից՝ Հայաստան: Սարգիս Սերոբյանը տարիներ հետո գալիս է Հայաստան և հանդիպում իր քեռուն:

Սարգիս Սերոբյանի կյանքի ուշագրավ դրվագներից մեկն այն է, որ դիմել է խորհրդային իշխանությանը՝ Հայաստանում բնակություն հաստատելու նպատակով, սակայն մերժում է ստացել: Հետագայում նա իր կյանքը նվիրել է Արևմտյան Հայաստանի ուսումնասիրությանը: Զինվորական ծառայության բերումով եղել է պատմական Հայաստանի շատ շրջաններում՝ Սեբաստիայում, Էրզրումում, Երզնկայում: Շնորհք պատրիարքի օրոք մասնակցել է պատմական Հայաստանի տարբեր շրջաներում ապրող հայերին Կ. Պոլիս բերելու գործին: Այդ ժամանակ էլ ծանոթացել է Հրանտ Դինքի հետ, իսկ արդեն 1996-ին Դինքի առաջարկով դարձել է «Ակօս» երկլեզու թերթի հայերեն բաժնի խմբագիրը:

Շատերն էին դիմում Սարգիս Սերոբյանին իրենց Արևմտյան Հայաստան ուղեկցելու համար. այդ գործը նա անում էր սիրով և անշահախնդիր: «Ակօսի» էջերում նա մեծ տեղ էր տալիս հայրենաճանաչության գործին: Թերթի «Հայրենագիտություն-Հայրենասիրություն» բաժնի նրա վերջին հոդվածներն էին «Տիգրանակերտն ու Մանանան», «Արծրունեաց Աղթամարը»:

Մեկնաբանել