Ժամանակակից Ադրբեջանի կազմավորումը

TranscaucasiaԱդրբեջան անունով պետություն աշխարհի քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ գծվել է 1918թ.: Երբ Ռոմանովների ռուսական կայսրությունը անկում ապրեց, Անդրկովկասյան երեք հիմնական և թվաքանակով ամենամեծ ժողովուրդները՝ մահմեդականները (կովկասյան թաթարներ կամ թուրքեր), վրացիները և հայերը հռչակեցին իրենց անկախ հանրապետությունները: Եթե Հայաստանն ու Վրաստանը հազարամյակներ ունեցել էին իրենց անկախ պետականությունները, ապա Ադրբեջան անունով պետությունը նորություն էր:

Մյուս կողմից, սակայն, Ադրբեջանի կազմավորումը սկսվել էր 1918 թվականից մոտ մեկ դար առաջ, երբ ցարական Ռուսաստանը 19-րդ դարի սկզբից մեկը մյուսի հետևից Պարսկաստանից պատերազմով նվաճեց այն խանությունները, որոնք պետք է դառնային Խորհրդային Ադրբեջանի բաղկացուցիչ մասը՝ Գյանջան, Ղարաբաղը, Շաքին, Ղուբան, Շիրվանը, Բաքուն, Թալիշը:

1828թ., երբ ռուսները գրավեցին ողջ Անդրկովկասը՝ Երևանի և Նախիջևանի նախկին պարսակական խանությունները նույնպես, նրանք Անդրկովկասը բաժանեցին երեք հիմնական նահանգների՝ Վրացական, Կասպյան և Հայկական: Կասպյան նահանգը տարածքով  մոտավորապես համապատասխանելու էր Խորհրդային Ադրբեջանին: Զանգեզուրը մաս էր կազմում Կասպյան նահանգի, իսկ ժամանակակից Ադրբեջանի հյուսիսարևմտյան մի շարք շրջաններ՝ Ղազախ, Թովուզ, Աղստաֆա, Գետաբեկ, Գյանջա, մաս էին կազմում Վրացական նահանգի:

1840թ. նոր վարչական բաժանման արդյունքում Կասպյան նահանգի տարածքը զգալիորեն մեծացավ, քանի որ նրան կցվեց Դաղստանի մի մասը: Հինգ տարի անց ռուսները նոր բաժանում կատարեցին՝ վերացնելով Կասպյան նահանգը: Նրա տեղում ստեղծվեց Շամախիի նահանգը, որը տարածքով համապատասխանում էր 1828թ. Կասպյան նահանգին: Դաղստանի մասը առանձնացավ և ստացավ Դերբենդի նահանգ անունը: Զանգեզուրը և Ղարաբաղը մտնում էին Կասպյան, ապա Շամախիի նահանգի վարչական կազմ:

1868թ. Շամախիի նահանգը բաժանվեց երկու մասի՝ Բաքվի և Ելիզավետպոլի նահանգների: Զանգեզուրը և Ղարաբաղը մնացին Ելիզավետպոլի նահանգի կազմում: Ավելին, մինչև այդ Թիֆլիսի նահանգի մեջ մտնող և այսօրվա Հայաստանի Հանրապետության մաս կազմող Լոռու և Տավուշի մարզերի տարածքները ևս անցան Ելիզավետպոլի նահանգի կազմ: Այս վիճակը շարունակվեց մինչև 1918-ը, երբ անդրկովկասյան երեք հանրապետությունները հռչակեցին իրենց անկախությունը:

Այսօր Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանը երբեք չի եղել ոչ Կասպյան, ոչ Շամախիի և ոչ էլ Ելիզավետպոլի նահանգի կազմում և միայն 1921թ. է միացվել Խորհրդային Ադրբեջանին՝ բոլշևիկների և քեմալականների պայմանավորվածության արդյունքում: Մինչ այդ Նախիջևանը և նրան կցված Շարուրը եղել են Հայկական մարզի և Երևանի նահանգի կազմում: