Հայերի բաց վերքը ամոքելու հարցում Ամերիկան պետք է ստանձնի իր դերը. Ադամ Շիֆ

Adam SchiffԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը, որը հայտնի է իր հայանպաստ դիրքորոշմամբ, Asbarez-ում հոդված է հրապարակել՝ «100 տարի անց ճանաչելով Հայոց ցեղասպանությունը» վերնագրով: Շիֆը գրում է, որ քանի դեռ կենդանի են Ցեղասպանությունը վերապրած սակավաթիվ հայեր, ինքն իրեն պարտավորված է զգում պայքարել Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ: Ադամ Շիֆի հոդվածը կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:

«Հայերին բնաջնջելու թուրքերի փորձը ձախողվեց, որի վկայությունն են Հայաստան պետությունն ու ԱՄՆ-ում և աշխարհի տարբեր ծայրերում հայկական սփյուռքի միլիոնավոր անդամները: Հազիվ թե կա գոնե մեկ հայկական օջախ, որը չի կրում կոտորածներում զոհված ընտանիքի անդամների մասին հիշողությունը: Նույնիսկ այսօր կան սակավաթիվ վերապրածներ, որոնք մանուկ տարիքում փրկվել են Ցեղասպանության արհավիրքներից և սկսել նոր կյանք: Քանի դեռ կենդանի են Ցեղասպանությունը վերապրածները, ես խորապես պարտավորված եմ զգում պայքարել դրա ժխտման դեմ, որը, ցավոք, շարունակում է մնալ թուրքական կառավարության քաղաքականությունը»,- գրում է կոնգրեսականը:

«Անցյալ ամիս ես և իմ քառասուն գործընկերները ներկայացրինք Հայոց ցեղասպանության վերաբեյալ «Ճշմարտության և արդարության բանաձևը», որը ճանաչում է 1915-1923 թթ. տեղի ունեցած Ցեղասպանությունը: Բանաձևը նաև կոչ է անում Նախագահին [ԱՄՆ – ՍիվիլՆեթ] աշխատել թուրքական և հայկական կառավարությունների հետ՝ Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ճանաչման վրա հիմնված հաշտեցման հասնելու համար: Բանաձևը պարզ և հստակ լեզվով շարադրում է Ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերը և տեղեկացնում, թե ինչ աստիճանի է թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հնարավորությանը:

Ցավալիորեն այսօր նույն սիրիական հողերում, որտեղ կոտորվել էին հարյուր հազարավոր հայեր, «Իսլամական պետությունը» (ISIS) սպառնում է արմատախիլ անել կրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին: Ճանաչելով Ցեղասպանությունը՝ նախագահն ու Կոնգրեսը կազդարարեն, որ մեր կառավարությունը չի մոռանա նահատակներին, և մենք լուռ չենք մնա մարդկության դեմ գործված հանցագործությունների հարցում:

Էլի Վիզելը գրել էր, որ ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վերջին փուլն է: Այս տեսանկյունից Հայոց ցեղասպանությունը շարունակում է ցավ պատճառել իր զոհերին նույնիսկ 100 տարի անց: Այս բաց վերքը ամոքելու հարցում Ամերիկան պետք է ստանձնի իր դերը»,- եզրափակել է Ադամ Շիֆը:

Մեկնաբանել