ՀԲ-ն $52 մլն կհատկացնի Հայաստանի էլեկտրահաղորդման ցանցի համար

lepp Համաշխարհային բանկի (ՀԲ) գործադիր տնօրենների խորհուրդը մարտի 30-ին Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատել է 52 մլն դոլար արժողությամբ վարկը:

ՀԲ երևանյան գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69.16 մլն դոլար, որից $17.16 մլն-ը կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Նախատեսվում է, որ ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը:

Ծրագրի առաջին՝ «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը նպատակաուղղված է հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտների՝ «Աշնակ» ենթակայանին և Երևանի ջերմաէլեկտրակենտրոնին:

«Աշնակ» ենթակայանի հիմնանորոգումը կօգնի կրճատել սարքավորումների խափանումների քանակը և տևողությունը՝ բարելավելով էլեկտրամատակարարման հուսալիությունը շուրջ 120 000 էլեկտրաէներգիա սպառողների համար: «Աշնակ» ենթակայանը շահագործման է հանձնվել 1983թ. և այդ ժամանակվանից ի վեր որևէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել: Ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիսարևելյան շրջանների այնպիսի սպառողների համար, ինչպիսիք են, օրինակ կաթնամթերքի խոշոր ընկերությունը, ասֆալտի գործարանը և ադամանդի մշակման ու ոսկերչական զարդերի արտադրության գործարանը, որտեղ աշխատում է շուրջ 3500 մարդ:

Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի ենթակայանի հիմնանորոգումը, որին բաժին է ընկնում Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալի 20 տոկոսը, կօգնի կրճատել սարքավորումների խափանումների հաճախականությունը: Ենթակայանը շահագործման է հանձնվել 1965 թ., և այդ ժամանակվանից ի վեր չի հիմնանորոգվել:

Ծրագրի «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն: Այն կարևորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի (Երևանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը և վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից: Կենտրոնը նման խափանման դեպքում էլեկտրաէներգետիկ համակարգի վերահսկողությունը և կառավարումն անմիջապես վերականգնելու հնարավորություն կտա:

«Հայաստանի էներգետիկ համակարգին անհրաժեշտ կլինի գազով շուրջ 500 ՄՎտ էլեկտրաէներգիա արտադրելու կարողություն՝ մինչև 2020 թ. մատակարարման կարողության ճեղքվածքի առաջացումը կանխելու համար»,- ասել է ՀԲ ծրագրի թիմի ղեկավար Արթուր Կոչնակյանը: