Lufthansa-ն 275 մլն եվրոյի փոխհատուցում կվճարի A320-ի զոհերի ընտանիքներին

Գերմանական TH_LufthansaLufthansa ավիաընկերությունը 275 մլն եվրո կվճարի մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 ինքնաթիռի զոհերի ընտանիքներին, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է նման դեպքերում ապահովագրության սովորական ծավալը, գրել է գերմանական Handelsblatt-ը՝ հղում անելով ապահովագրական շրջանակներում իր աղբյուրներին:

Թերթի տվյալներով՝ անցյալ շաբաթ նման գումարի շուրջ են պայմանավորվել Lufthansa-Group ապահովագրական կոնսորցիումի ներկայացուցիչները: Lufthansa-ն դեռ չի մեկնաբանել լուրը:

Գերմանական պարբերականը գրում է, որ այս կերպ կոնցեռնը փորձում է թույլ չտալ, որ գործը հասնի անհատական հայցերի. ինքնաթիռում եղած ԱՄՆ երեք քաղաքացիների ազգականները, ըստ ԱՄՆ օրենսդրության, ունեն այդ իրավունքը: Անհատական հայցերի ներկայացման դեպքում Lufthansa-ն ստիպված կլինի դատարանում ապացուցել, որ ավիաընկերությունը չէր կարող կանխել ողբերգությունը: Քանի որ աղետի գործով ներկայում որպես մեղադրյալ է անցնում Lufthansa-ի դուստր Germanwings-ի աշխատակից, երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, դա հեշտ չի լինի: Վերջինի բնակարանի խուզարկությունները ցույց են տվել, որ նա տառապել է դեպրեսիայով և օգտվել հոգեբանի ծառայություններից:

***

Lufthansa ավիաընկերության դուստր Germanwings ընկերությանը պատկանող Airbus A320 ինքնաթիռը, որը մարտի 24-ին թռիչք էր կատարում Բարսելոնայից Դյուսելդորֆ, վերելքից 50 րոպե անց ընկել է Ֆրանսիայի հարավում՝ լեռներում: Ինքնաթիռում եղել է 144 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:

Մարտի 24-ին ֆրանսիական Ալպերում Airbus A320-ի կործանումից հետո Մարսելի դատախազ Բրիս Ռոբենը հայտարարել էր, որ, ըստ ամենայնի, երկրորդ օդաչուն «միտումնավոր է կործանել» օդանավը: Կործանված օդանավի հայտնաբերված «սև արկղի» վերծանումը ցույց է տվել, որ ինքնաթիռի հրամանատարը դուրս էր եկել խցիկից: Երբ հետ է եկել, թակել է դուռը, սակայն երկրորդ օդաչուն խցիկի կողպված դուռը չի բացել: Օդանավը ութ րոպեի ընթացքում կորցրել է բարձրությունը և ընկել: Ավիավթարից հետո Լյուբիցի տանը խուզարկության արդյունքում հայտնաբերված փաստաթղթերը վկայում են, որ նա տառապում էր դեպրեսիայով և այդ փաստը թաքցրել է գործատուից և գործընկերներից: Ֆրանսիայում տեղի ունեցած ավիավթարից հետո աշխարհի առաջատար ավիաընկերությունները թռիչքների անվտանգությունն ամրապնդելու նպատակով մեկը մյուսի հետևից անցնում են «երկու օդաչուի» կանոնին: