Թուրքիան հոսանքազրկվել է

208205_newsdetailԹուրքիայում կյանքը կաթվածահար է եղել էլեկտրամատակարարման զանգվածային խափանման հետևանքով: Չկա գրեթե մի նահանգ, որտեղ էլեկտրաէներգիայի մատակարարման խափանում չի եղել: Դրանց թվում են նաև Ստամբուլն ու մայրաքաղաք Անկարան: Խափանումը, որի պատճառը դեռ հստակ չէ, եղել է առավոտյան 10:36-ին: Թուրքիայի էլեկտաէներգիայի մատակարարման կազմակերպությունը հայտարարել է, որ ընդհանուր համակարգում խնդիրներ են առաջացել: Zaman-ը երկրում ստեղծված վիճակը բնութագրել է «քաոս» բառով:

Hurriyet-ը գրում է, որ հայտնի չեն ոչ միայն խափանման պատճառները, այլև այն, թե երբ է կարգավորվելու խնդիրը: Էլեկտրականության ընդհատման պատճառով փակվել է մետրոն, չեն աշխատում տրամվայները, լուսացույցերը, երկրում կյանքը կանգ է առել: Ընդհատումից երկու ժամ անց որոշ վայրերում սկսել է գործել մետրոն:

Anadolu գործակալությունը հաղորդում է, որ առայժմ հաջողվել է էլեկտարականությամբ ապահովել միայն Անկարայի և Ստամբուլի ընդամենը 15 տոկոսը:

Էլեկտրաէներգիայի աննախադեպ ընդհատումից հետո ելույթ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ չբացառելով նաև ահաբեկչության գործոնը: Նա ասել է, որ էներգետիկայի նախարարությունում ստեղծվել է ճգնաժամային խումբ: «Կարծում եմ՝ խնդիր է առաջացել էլեկտրականության մատակարարման կայաններում: Հնարավո՞ր է, որ ահաբեկչական հարձակում լինի. դա էլ ենք ուսումնասիրում: Ուսումնասիրում ենք հնարավոր բոլոր պատճառները»,- ասել է նա:

Թուրքական Zaman-ը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ խափանման պատճառը Իզմիրի կայաններից մեկում առաջացած խնդիրն է:

Մեկնաբանել