Ստամբուլում պատանդ է վերցվել Գեզիի զոհի գործով դատախազը

Prosecutor TurkeyԹուրքական ձախ արմատական մարքսիստական խմբավորումը պատանդ է վերցրել դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին, որը քննել է 2013թ. Թուրքիայում Գեզիի ցույցերի ժամանակ վիրավորում ստացած և ավելի ուշ մահացած Բերքին Էլվանի սպանության գործը, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Զինված անձինք ներխուժել են դատախազի գրասենյակ և պատանդ վերցրել պաշտոնյային՝ պահանջելով ձերբակալել ոստիկաններին, որոնք պատասխանատու են պատանու սպանության համար:

Դատախազության շենքում, ըստ Hurriyet Daily News-ի, կրակոցներ են լսվում: Ոստիկանությունը շրջկալել է դատախազության շենքը, աշխատակիցները տարհանվել են:

Թվիթերում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես է զինված անձը ատրճանակ դրել դատախազի գլխին:

***

Գեզի զբոսայգու շուրջ սկսված ցույցերի վերջին զոհ Բերքին Էլվանը 2013թ. հունիսի 16-ին դուրս էր եկել հաց գնելու և Ստամբուլի Օքմեյդանի թաղամասում ներքաշվել ցույցի մեջ: Արցունքաբեր գազի կանիստրով հարվածից Բերքինն ընկել էր կոմայի մեջ: Կյանքի համար 269 օր պայքարելուց հետո նա մահացել էր: