Ավստրալիայի վարչապետը ապրիլի 24-ին կլինի Թուրքիայում, ավստրալացի պաշտոնյա Երևան չի ուղարկվի

australian governmentԱվստրալիան պաշտոնական ներկայացուցիչ չի ուղարկի Երևան` հաջորդ ամիս մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, բայց վարչապետի մակարդակով կմասնակցի Թուրքիայում ապրիլի 24-ին տեղի ունենալիք Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարությանը: Այս մասին հաղորդում է ավստրալական SBS հեռուստաալիքի կայքը` վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության հայտարարությունը:

Արտաքին գործերի և առևտրի նախարարությունը չի մեկնաբանել այդ որոշման պատճառները ու չի հաստատել, թե արդյոք Ավստրալիան Երևանում պաշտոնական միջոցառումներին մասնակցելու հրավեր ստացել է, թե ոչ:

Ակնկալվում է, որ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը ապրիլի 24-ին կմասնակցի Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումներին:

Ավստրալիան ամեն տարի` ապրիլի 25-ին, նշում է ANZAC-ի (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի զինվորական ստորաբաժանումները Առաջին աշխարհամարտի ժամանակ, որոնք Գալիպոլիում կռվել են օսմանյան ուժերի դեմ և պարտվել) օրը` հիշատակելով այն զինվորներին, որոնք իրենց կյանքը կորցրել են Գալիպոլիում` դաշնակիցների վայրէջքի օրը:

***

Թուրքիան յուրքանչյուր տարի Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները նշում էր մարտի 19-ին: Այս տարի, սակայն, որոշել է տոնակատարությունը կազմակերպել ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման 100-րդ տարելիցի օրը: Անկարայի կողմից Գալիպոլիի տոնակատարության տեղափոխումը և օտար պետությունների ու կառավարությունների ղեկավարների հրավիրումը Թուրքիա Հայաստանում դիտվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները ստվերելու փորձ: