Վրաստանը Եվրոպայի մաս է. Մարգվելաշվիլին ներկայացրել է երկրի զարգացման տեսլականը

Margvelashvili-Parliament-Nov14-2014Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 31-ին խորհրդարանում հանդես է եկել իր տարեկան զեկույցով ՝ անդրադառնալով երկրի ներքաղաքական, տնտեսական և արտաքին քաղաքական հիմնական խնդիրներին և առաջնահերթություններին: ՍիվիլՆեթը առանձնացրել է ելույթից որոշ հատվածներ (թարգմանությունը՝ ռուսերենից):

Վրաստանը՝ Եվրոպայի մաս

Պատմա-մշակութային առումով մենք Եվրոպա ենք՝ ոչ միայն նրա մի մասը, այլև դարեր շարունակ նրա արժեքների պաշտպանը և դրանք ստեղծողը: Հնարավոր է՝ այդ արժեքների համար մենք ավելի շատ ենք պայքարել՝ եվրոպական մյուս ազգերի համեմատ, քանի որ հարկադրված ենք եղել այդ արժեքները պաշտպանել միայնակ՝ պայմանավորված պատմական աղետներով և աշխարհագրական դիրքով: Այսօր ևս մեզ համար մարտահրավերը նույնն է՝ ամենօրյա կյանքում ամուր կերպով մտցնել այդ արժեքները:

Ոչ միայն Վրաստանին է պետք Եվրոպա, այլև Արևմուտքին, Եվրոպային է պետք զարգացած ժողովրդավարական Վրաստան:

Հետխորհրդային երկրից դեպի եվրոպական պետություն. իմ  անցած տարվա ելույթի նպատակը ես այսպես ձևակերպեցի, իսկ այս տարի մենք պետք է վճռական քայլ կատարենք մեր եվրոպական պետության ամրապնդման ուղղությամբ:

Տնտեսություն

Այսօր մեր գլխավոր խնդիրը տնտեսական աճի ապահովումն է, անհավասարության վերջնական կրճատումը երկրում և հանրության ցանկացած անդամի բարեկեցության ապահովումը:

Եվրոպայի հետ ազատ առևտրի հնարավորությունը տնտեսական աճի, արտահանման, զբաղվածության, ինչպես նաև ԵՄ-ին ինտեգրման համար նոր խթան է: Միաժամանակ այն նոր հնարավորություն է ազատ առևտրի նոր տարածքների յուրացման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացման համար:

Վրաստանն ազատ առևտրի համաձայնագիր ունի Թուրքիայի և ԱՊՀ երկրների հետ, որը ավելի քան 900 մլն սպառողի համար մատչում է ապահովում Վրաստանում արտադրվածին: Գրավիչ ներդրումային միջավայրը, աշխարհում հայտնի վարկանիշերում բարձր հորիզոնականները, ցածր հարկերը, կոռուպցիայի և հանցավորության ցածր մակարդակը լրացուցիչ խթան են ներդրողների համար:

Բացի այդ՝ Վրաստանի համար զգալի հնարավարություններ են ստեղծում էլեկտրաէներգիայի արտադրման ներուժը և էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը:

«Էլեկտրահաղորդման գծերի Սևծովյան ցանց» նախագծի շրջանակում մեծ կարևորություն ունի Թուրքիայի հետ միասանական էներգետիկ համակարգի ստեղծումը, որը կմեծացնի Թուրքիա և Եվրոպա էլեկտարէներգիա արտահանման հնարավորությունը:

Արտաքին քաղաքականություն

Վրաստանի  անվտանգությունը և բարեկեցությունը անմիջականորեն կապված են  եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հետ: Ընթացիկ տարում մենք ավելի շատ պետք է խորացնենք հարաբերությունները ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի և եվրատլանտյան տարածքի ցանկացած պետության հետ:

Վրաստանի տարածքի մի մասի օկուպացիան և ռազմականացումը ուժեղացնում է Հարավային Կովկասում և սևծովյան տարածաշրջանում անկայունության սպառնալիքը: Ռուսաստանը կրկին չի կատարում 2008թ. օգոսոտսի 12-ի՝ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը և հրաժարվում է Վրաստանի նկատմամբ ուժի չկիրառման պարտավորությունից…

Չճանաչումը չի նշանակում գրավյալ տարածքների բնակչության մեկուսացում: Ընդհակառակը՝ այնտեղ բնակվողները, ինչպես նաև հարկադիր տեղահանվածները պետության առանձնահատուկ ուշադրության օբյեկտ են:

Վրաստանի միասնականությունը և ամբողջականությունը ընդհանուր նպատակ է: Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ապաօկուպացնել Աբխազիան և Հարավային Օսիան, որը ճանապարհ կհարթի հակամարտության կարգավորմանը փոխըմբռնման հիմքի վրա:

Վրաստանն ընդունում է հակամարտության կարգավորման միայն խաղաղ ճանապարհը, միաժամանակ Վրաստանը իրեն չկարգավորված հակամարտության գերի չի համարում և կշարունակի ժողովրդավարական արդիականացումը:

Վրաստանը բարիդրացիական հարաբերությունների է ձգտում Ռուսաստանի հետ՝ իրավահավասարության սկզբունքի հիման վրա: Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված մեր ջանքերը տեսնում են մեր գործընկերները, և այդ հարցում մենք առավել մեծ միջազգային աջակցության անհրաժեշտություն ունենք:

Պաշտպանություն և զինված ուժեր

Անհրաժեշտ է ընդգծել ինստիտուցիոնալ բարեփոխումները ինչպես պաշտպանության ռազմավարության, այնպես էլ պաշտպանության միասնական ֆինանսական քաղաքականության հարցում:

Ես հպարտ եմ, որ այսօր մեր զինված ուժերի 7 տոկոսը կին է: Պաշտպանության նախարարության՝ սեռային հավասարության ռազմավարությունը ավելի շատ կնպաստի պաշտպանական ոլորտում կանանց և տղամարդկանց հավասարությունը:

Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնավարժական և գնահատման կենտրոն կսեղծի, որի նպատակը վրացի զինվորներին մարզելն է: Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ Վրաստանը վարում է խաղաղասիրական, բարիդրացիական քաղաքականություն, իսկ կենտրոնի ստեղծումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի հետ մեր մերձեցումը որևէ մեկի դեմ ուղղված չէ և նպատակ ունի ամրապնդել անվտանգությունը տարածաշրջանում: Դա պետք է ընդգրկված լինի նաև մեր հարևանների բնական հետաքրքրությունների մեջ: