Ջարդարար Խալիլ փաշան Երևանում և Մայր Աթոռում. 1918

????????Նորանկախ Հայաստանի ղեկավարությունը ի սկզբանե փորձում էր ընդարձակել հանրապետության սահմանները: Քանի դեռ չէր ավարտվել Առաջին աշխարհամարտը, հայ ղեկավարները այդ նպատակով բանակցում էին հենց թուրքերի հետ, քանի որ փաստացի նրանք էին իշխում Ադրբեջանում և Անդրկովկասի նորանկախ պետությունների միջև վիճելի տարածքներում: Գերմանացիները տեղավորվել էին Վրաստանում, իսկ Հայաստանի նեղ սահմանների քթի տակ կանգնած էին թուրքական զորամասերը:

Հայկական պատվիրակությունը 1918թ. հունիսի կեսերին Հայաստանի սահմաններն ընդարձակելու նպատակով մեկնել էր Պոլիս` բանակցելու օսմանյան կառավարության` Երիտթուրքերի կուսակցության առաջնորդների հետ, իսկ Հայաստանում Արամ Մանուկյանը նույն նպատակով օգտագործում էր թուրք զինվորականների հետ ունեցած իր հին` մինչև 1915թ. Օսմանյան կայսրությունում իր գործունեություն տարիներից եկող կապերը:

ՀՅԴ առաջնորդներից Ռուբենը (Տեր-Մինասյան) գրում է. «Արամը, իր նախկին ընկեր` հաղթական Խալիլ փաշայից, ով եկել էր Երևան, պահանջում էր սահմանների ընդարձակում և ապրելու հնարարավորություն: Խալիլ փաշան սկզբունքորեն չէր մերժում Հայաստանի հողերի ընդարձակման պահանջը: Նա կանխավ առաջարկում էր, որ հայերը դատարկեն Զանգեզուրի Մեղրի գավառակը, որպեսզի իրենք անմիջապես կապվեն Բաքվի հետ: Դրա փոխարեն պատրաստ էր Ադրբեջանի հաշվին ընդարձակել Հայաստանի սահմանները դեպի Ջևանշիր ու Վարանդա: Նա առաջարկում էր զինվորական դաշինք կնքել Դաշնակիցների դեմ: Այս խոսակցությունները ոչինչ չտվեցին: Միակ օգուտը եղավ այն, որ Արամի անձնական կապի շնորհիվ Խալիլ փաշան Հայաստանին շնորհեց 25 հազար փութ ցորեն գաղթականների համար և հրահանգ տվեց Բաշ-Գառնիի շրջանի Միլլի ձորի թաթարներին հեռանալ` հայ գաղթականների համար տեղ բացելու նպատակով: Եկած ցորենը բաժանվեց սովահարներին, իսկ Միլլի ձորը դատարկվեց թաթարներից»:

Խալիլ փաշան` Կովկասյան ճակատի թուրքական զորքերի գերագույն հրամանատարը, Ալեքսանդրապոլից Երևան գալու և Արամ Մանուկյանի հետ հանդիպելու ցանկություն էր հայտնել հուլիսի վերջերին: Նրան ընկերանալու և միաժամանակ Հայաստան առաջին այցը տալու համար որոշեցին Թիֆլիսից Երևան մեկնել նաև Գերմանիայի ու Ավստրիա-Հունգարիայի ներկայացուցիչները` Ֆրիդրիխ Կրես ‎ֆոն Կրեսենշտեյնը և Ֆանկելշտեյնը: Թի‎ֆ‎լիսի «Հորիզոն» թերթի խմբագրապետ Վահան Նավասարդյանը, ով եղել է նույն գնացքում, գրում է. «Այս երեքին ուղեկցելու համար Թիֆլիսից Երևան պիտի գնար նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Վրաստանում` Արշակ Ջամալյանը: Գնացքը կանգ պիտի առներ Ալեքսանդրապոլում, որտեղ գտնվում էր Խալիլը, և մեկ օր մնալուց հետո հաղթական երկրների այս երեք ներկայացուցիչները պիտի մեկնեին Երևան»:

Ալեքսանդրապոլում գնացքը կանգ է առնում: Ի պատիվ Գերմանիայի ու Ավստրիա-Հունգարիայի ներկայացուցիչների` Ալեքսանդրապոլում ճաշ է տալիս Խալիլ փաշան: Նրանց միանում է նաև Ջամալյանը:

Նավասարդյանը շարունակում է. «Այդ օրը գիշերեցինք կայարանում` գնացքի մեջ, և հետևյալ առավոտը գնացքը հաղթական Խալիլին առնելով` շարժվեց դեպի Երևան: Խալիլի այցի մասին Երևանում գիտեին: Արամը գիտեր և այն, որ գերմանական ներկայացուցչությունից անպաշտոն ձևով փափագ էր հայտնվել, որ լավ կլինի, եթե Արամը, հանուն իր ժողովրդի փրկության, ինքն անձամբ կայարան գա Խալիլին դիմավորելու: Գերմանիայի ներկայացուցիչը գտնում էր, որ թուրքական գազանությունները եթե կարելի է մեղմել ու կանխել, ապա հնարավոր է անել միմիայն հաղթական զորավարի գութը հայցելով` նրան ապավինելով և նրա սիրտը սիրաշահելով»:

Վերջապես գնացքը հասնում է Ուլուխանլու (Մասիս), որտեղից սկսվում էր Հայաստանի Հանրապետությունը: Մի դաժան զուգադիպությամբ նույն ժամին Ուլուխանլու է հասնում և այն գնացքը, որ Շիրակի դաշտից 1918թ. գարնանը օսմանյան զորքերի կողմից դեպի Կարին (Էրզրում) քշված հայ երիտասարդների անդրանիկ քարավանն էր բերում Կարսից Երևան: «Տարագրվածների թիվը մոտ 13 հազար մի քանի հարյուր էր, կոտորվել էին ամենքը և «կենդանի» էին մնացել միայն մի քանի հարյուր հոգի, որոնց ահա վերադարձնում էին Հայաստան` «հավատարիմ» մնալով այդ ժամանակ Պոլիս գտնվող մեր պատվիրակներին տրված խոստման: Այդ գերիները` կենդանի դիակների մի սոսկալի բազմություն, մերկ ու բոկոտն, այլանդակված ու փքված մարմիններով և սարսափահար աչքերով, փռված էին գետնին»:

Քսան րոպեից գնացքը հասնում է Երևան: Հայկական զինվորական երաժշտախումբը սկսում է նվագել: Կայարանի մայթի վրա, քիչ ներս քաշված, կանգնած էր զորավար Սիլիկյանը` իր հետևում ունենալով շքախումբն ու պատվո պահակը: Դեպի ձախ կանգնած էր քաղաքի պարետը` դերասան Արշավիր Շահխաթունին:Այդ ամբողջ խմբից բոլորովին առանձնացված ու առաջ եկած, շքախմբի ճիշտ կենտրոնում, փառահեղ կեցվածքով ու սև հագուստի մեջ, թուխ ակնոցները աչքերին, թիկնեղ մարմնի վրա գլուխը քիչ դեպի վեր թեքած, կանգնած էր Արամը:

«Ինչպե՞ս պիտի հանդիպեն այս երկու ոխերիմ ախոյանները, որոնցից մեկը, իր հաղթ կամքին ու կուռ հավատքին ապավինած, ոչինչ չխնայեց հայության երազը կերտելու, իսկ մյուսը ամեն ինչ արեց` այդ երազը խորտակելու համար: Եվ ահա, երբ գնացքը կանգ առավ, Արամը իր հայացքը նետեց դեպի աջ ու ձախ և գնացքի առաջ ձգված ծայրի վագոնում նշմարեց Խալիլի դեմքը: Խալիլը, նկատելով Արամին, դյուրաշարժ երիտասարդի նման անմիջապես ցատկեց վագոնից, ընդառաջ եկավ նրան և երկուսն էլ ժպտադեմ, ջերմորեն ու բարեկամաբար իրար ձեռք թոթվեցին և համբուրվեցին»,- շարունակում է Նավասարդյանը:

Կայարանից մինչև քաղաքի կենտրոն ճանապարհը Նավասարդյանը նկարագրում է այսպես. «Մեր մի քանի կտոր իրերը դրինք եզներ լծած սայլի վրա ու ոտքով մեկնեցինք քաղաք: Մարդկայնորեն անհնար էր այս սարսափի երկրում պահել հավասարակշռությունն ու չցնցվել: Հայաստանն ապրում էր ահավոր սովի օրերը, երբ մարդիկ սկսել էին արդեն դիակներ հոշոտել: Պատերի տակ ցցված էին անկենդան ստվերները սովահարների: Նրանք մարում էին առանց մուրալու: Մարում էին անտրտունջ, անձայն ու անաղմուկ»:

Կայարանում Խալիլին և մյուս հյուրերին ցույց տրված ընդունելությունից հետո երեկոյան ճաշկերույթ է տալիս քաղաքագլուխը: Հաջորդ օրը նրանք այցելում են վարչապետին ու Հայաստանի խորհրդի նախագահին, ապա մեկնում Էջմիածին` տեսնվելու կաթողիկոսի հետ: Հյուրերին Մայր Աթոռ են ուղեկցում Արամը և պարետ Շահխաթունին:

Շահխաթունին գրում է. «Բարձրացանք Վեհափառի մոտ: Փառահեղ դեմքով բազկաթոռի մեջ նստած էր Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Հինգերորդը: Նախապես մոտեցավ և ներկայացավ գերմանացի զորավարը: Նրան հետևեց Խալիլը: Ես նայում էի կաթողիկոսի դեմքին և զարմանում էի, թե ինչպես նրա աչքի բարձր հայացքը փոխվեց ու արտահայտեց դառնություն ու բարկություն»:

Վեհափառը հյուրերին առաջարկում է մնալ ճաշի, իսկ մինչև ճաշը, եթե նրանք ցանկանում են, կարող են այցելել Էջմիածնի Մայր Տաճարը և թանգարանը: Երբ այցելեցին լճի ափը, չորս կողմը` ծառերի տակ սարսափելի տեսքով ահագին թվով հայ գաղթականներ էին:

Շահխաթունին շարունակում է. «Նրանք ոչ մի ուշադրություն չէին դարձնում մեզ վրա: Վերադարձանք վեհարան: Ճաշասենյակի մեջ սեղանապետը հրավիրեց յուրաքանչյուրին գրավել իր տեղը: Կաթողիկոսը նստած էր ճակատին: Նրա աջ թևի վրա տեղ գրավեց գերմանացի զորավարը, նրա մոտ ավստրիական զորքերի ներկայացուցիչը, ձախ կողմը Խալիլը և նրա կողքին` Արամը: Ճաշը լավ անցավ, և Խալիլն ու գերման զորավարը հիացած էին ափսեների ու սեղանի սպասեղենի վրա: Դրանց վրա դրոշմված էր Սուրբ Էջմիածնի նկարը և գրված. «Նորին կայսերական մեծություն Նիկոլայ Բ-ից ընծա Ամենայն Հայոց Վեհափառ կաթողիկոսին»:

Նույն օրը օտարազգի բանագնացները վերադառնում են Էջմիածնից, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդի նախագահի ու վարչապետի հետ երկար խոսակցություն ունենում հայկական գործերի մասին: Կառավարությունը ճաշկերույթ է տալիս ի պատիվ հյուրերի, որին ներկա էին նաև Երևանում գտնվող այլ թուրք սպաներ:

Նոյեմբերին թուրքական զորքերը սկսեցին նահանջել Երևանի նահանգից, դեկտեմբերի սկզբին նրանք թողեցին Երևան-Ալեքսանդրապոլ երկաթուղին և Ալեքսանդրապոլի բերդը: Այսպիսով, Օսմանյան կայսրությունը հանձնեց Երևանի նահանգի շուրջ 15 հազար քառակուսի կիլոմետր տարածքը: Հայ զինվորների առաջխաղացմանը զուգընթաց պարզ դարձավ 19-րդ դարում Վիկտոր Հյուգոյի բանաձևած «այստեղով թուրքն է անցել» որակման դառը իմաստը: Տուժած հայերի խոսքերը անթիվ-անհամար էջեր լցրեցին, բայց բառերը, որքան էլ իմաստալի, չէին կարող հաղորդել սարսափի ու ավերածության չափերը Հայաստանի Հանրապետության վերադարձված հողում:

Մեկնաբանել