Իրանի և Վեցյակի միջև շրջանակային համաձայնագիր է ստորագրվել

Կողմերի ամփոփիչ հայտարարությունը ընթերցել են Ֆեդերիկա Մոգերինին և Ջավադ Զարիֆը: Կողմերի ամփոփիչ հայտարարությունը ընթերցել են Ֆեդերիկա Մոգերինին և Ջավադ Զարիֆը:

Շվեյցարական Լոզանում վերջին օրերին ընթացող բանակցությունները Իրանի ու Վեցյակի միջև [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան – Սիվիլնեթ] ապրիլի 2-ին ավարտվեցին շրջանակային համաձայնագրի կնքմամբ, որը նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի ծավալների կրճատում՝ միջազգային պատժամիջոցների աստիճանական վերացման դիմաց, հաղորդում է Reuters-ը:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ բանակցությունների մասնակիցները մշակել են որոշումներ, որոնք հիմք են ստեղծում Իրանի հետ վերջնական համաձայնության հասնելու համար:

Ելույթ ունենալով մամուլի ասուլիսին՝ Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ «իրենք խոցել են շրջանը, որը չէր համապատասխանում ոչ մեկի շահերին»:

«Հուսով եմ՝ այս գործընթացի ավարտին մենք ցույց կտանք, որ իսկական երկխոսությունն ու փոխգործակցությունը թույլ են տալիս լուծել խնդիրները՝ բացելով նոր հորիզոններ»,- ասել է Զարիֆը:

Բանակցություններից հետո ամերիկյան կողմը հրապարակել է տեղեկատվություն Լոզանում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ.

  • Իրանը երկու երրորդով կկրճատի աշխատող ցենտրիֆուգների քանակը, որոնք օգտագործվում են ուրանի հարստացման համար և կկրճատի ցածր հարստացված ուրանի պաշարները,
  • Աշխատանքներում չօգտագործվող ցենտրիֆուգները կտեղադրվեն պահեստներում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն),
  • Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ենթակա են ՄԱԳԱՏԷ-ի պարբերական ստուգումներին,
  • Իրանը կվերակառուցի Արաքի ծանր ջրի արտադրման ռեակտորը, որպեսզի այն չկարողանա զինագործական պլուտոնիում արտադրել,
  • Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցները, կապված իրանական միջուկային ծրագրի հետ, քայլ առ քայլ կթուլանան, սակայն կարող են վերականգնվել այն դեպքում, եթե Իրանը խախտի իր վրա վերցրած պարտավորությունները:

Արձագանքը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Իրանի հետ շրջանակային համաձայնագիրն անվանել է «պատմական», սակայն ընդգծել է, որ այդ երկրի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը մանրակրկիտ ստուգվելու է:

«Եթե Իրանը խորամանկություն անի, աշխարհն այդ մասին կիմանա»,- ասել է Օբաման: Ինչպես հաղորդում է BBC-ն, նրա հայտարարությունն ուղիղ հեռարձակվել է իրանական պետական IRINN հեռուստաալիքով. նման բան հազվադեպ է պատահում:

Ռուսաստանը ողջունել է համաձայնությունը՝ այն որակելով որպես «Իրանի՝ խաղաղ միջուկային ծրագրի իրականացման անքակտելի իրավունքի ճանաչում»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդն ասել է, որ շրջանակային համաձայնագիրը շատ լավ հիմք է վերջնական համաձայնության համար: Նրա խոսքով՝ բանակցությունների մասնակիցները դեռ պետք է ինտենսիվ աշխատեն է՛լ ավելի մանրակրկիտ համաձայնության հասնելու համար:

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Թվիթերում գրել է, որ ցանկացած համաձայնություն պետք է էապես կրճատի Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման ունակությունը և «վերջ դնի նրա ահաբեկչական և ագրեսիվ քաղաքականությանը»:

Իրան-Վեցյակ շրջանակային համաձայնագիրը որպես հիմք է ծառայելու վերջնական համաձայնությունների համար, որոնք պետք է ստորագրվեն մինչև հունիսի 30-ը:

Մեկնաբանել