System of a Down-ը սկսում է Ցեղասպանության համերգային շրջագայությունը

system of a downSystem of a Down ռոք խումբը ապրիլի 6-ին սկսում է իր «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) համերգային շրջագայությունը, որը կավարտվի ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում մեծ համերգով: «Համերգների նպատակն է բարձրացնել Հայոց ցեղասպանության մասին իրազեկության մակարդակը, ինչպես նաև մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ արդարությունը կարող է գերիշխել՝ անգամ 100 տարի հետո»,- Los Angeles Weekly-ին ասել է  խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Իմ ընտանիքի մեծ մասը՝ երկու ծնողներիս կողմից, սպանվել է,- թերթին ասում է խմբի թմբկահար Ջոն Դոլմայանը:- Մեծ պապս գնդակահարվել է սեփական ընտանիքի առաջ: Կանայք ու երեխաներ են սպանվել, երեխաներ բռնաբարվել: Ամեն սարսափելին, որ կարելի է պատկերացնել, տեղի է ունեցել»:

Los Angeles Weekly-ն գրում է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում պահված ամենամեծ գաղտնիքներից է, թեև չէր թաքցվում այն տարիներին, երբ տեղի էր ունենում Ցեղասպանությունը: 1918-ին Հենրի Մորգենթաուն՝ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպանը, գրում էր. «Անցյալի մեծ ջարդերն ու հետապնդումները գրեթե աննշանակալի են թվում, երբ համեմատում ես 1915-ին հայերի տառապանքների հետ»:

Թերթը հիշեցնում է, որ այսօր 23 երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, և ԱՄՆ-ն այդ ցուցակում չէ, թեև 43 նահանգ պաշտոնապես ճանաչել է, այդ թվում՝ Կալիֆոռնիան: «Սա ռեալպոլիտիկի զզվելի մասն է: Ամոթ է ցեղասպանությունն օգտագործել որպես քաղաքական կապիտալ»,- ասում է Սերժ Թանկյանը:

System of a Down խումբը, երբ ստեղծվում էր 1994-ին, չէր ծրագրել դառնալու Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովը: Սակայն պատմությունն այս ռոք խմբի կատարումների անքակտելի մասն է կազմում ստեղծման օրվանից: Խմբի բոլոր անդամները հայ են՝ Սերժ Թանկյան, Ջոն Դոլմայան, Տարոն Մալաքյան և Շավո Օբաջյան: Բոլոր չորսն էլ Ցեղասպանությունը վերապրած ընտանիքների զավակներ են:

«Երբ մենք սկսել էինք մեր համերգային շրջագայությունները, ԱՄՆ-ում մարդիկ իսկապես չգիտեին, թե ովքեր են հայերը: Դա Քիմ Քարդաշյանի հայտնվելուց դեռ շատ առաջ էր: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման համակիրների թիվը մեծ չէր, հատկապես, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի դաշնակիցը: Կրթվելու գործընթաց պետք է սկսվեր»,- ասում է Դոլմայանը:

«Մեր ամբողջ նպատակն այն է, որ սովորենք պատմության սխալները, սակայն դա անհնար է, քանի դեռ Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը: Վաշինգտոնում Հոլոքոստի թանգարանի երրորդ հարկում պատին դուք կարող եք տեսնել Հիտլերի խոսքը: Լեհաստան ներխուժելուց առաջ նա իր գեներալներին ասում էր. «Ո՞վ է այսօր խոսում հայերի կոտորածների մասին»: Հիտլերը համոզված էր, որ կարող է անպատիժ մնալ բոլոր այն հանցանքների համար, որ կատարելու էր»,- ասում է Թանկյանը:

«Արթնացրեք հոգիները» համերգային շրջագայության հիմնական նպատակն է թույլ չտալ, որ նման վայրագությունները երբևէ մոռացվեն: Թե՛ Թանկյանը, թե՛ Դոլմայանը պնդում են, որ Ցեղասպանության ժխտումը շարունակում է ձևավորել ամերիկահայկական մշակույթն ու ինքնությունը: