«Ժառանգություն»-ը դատապարտում է «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունը

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով ապրիլի 7-ին Քննչական կոմիտեի կողմից «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ իրականցված խուզարկությունները, ինչպես նաև նրանց բերման ենթարկելու և ձերբակալելու փաստը: Ստորև ներկայացվում է հայտարարությունը:

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է իրավապահ մարմինների այսպիսի ապօրինի գործելաոճը: Բռնությունների այս շղթան խոսում է ներկայիս վարչախմբի կողմից բոլոր բնագավառներում ձախողումների մասին, որի համար էլ վերջինս իր փրկության միակ ելքը տեսնում է հասարակությանն ահաբեկելու մեջ:

«Ժառանգությունը» պահանջում է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, չխախտել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև զերծ մնալ քաղաքական հետապնդումներից և չխոչընդոտել խաղաղ հանրահավաքների իրականացումը:

Կոչ է անում ընդունել ժողովրդի պահանջը` հեռանալ բռնազավթած իշխանությունից, հակառակ դեպքում երկիրը հայտնվելու է ցնցումների մեջ և տեղի են ունենալու ավելի անկանխատեսելի ու նոր կորուստներ, ինչի պատասխանատվությունը կրելու է գործող վարչախումբը:

Համարում է, որ իշխանության նման անօրինական ու շարունակական գործողությունների միակ համարժեք պատասխանը ժողովրդի և քաղաքական ուժերի միահամուռ ընդվզումն ու շուտափույթ իշխանափոխության իրականացումն է, սահմանադրական կարգի վերականգնումը, օրինական ու ժողովրդավար իշխանության հաստատումը, իրավունքի և օրենքի գերակայության ապահովումը:

***

Ապրիլի 7-ի առավոտյան բերման էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ, որոնցից չորսը՝ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել են: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը:

Հարուցվել է նաև քրեական գործ՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ, որը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակում իրականացվել են նաև քննչական գործողություններ, առգրավվել են իրեր:

Մեկնաբանել