Թուրք դատախազի սպանության մութ կողմերը

Ումիթ Քըվանչ

Թուրքիայում Գեզիի դեպքերի ժամանակ սպանված 15-ամյա Բերքին էլվանի գործով դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին առևանգելու և ոստիկանության օպերացիայի ժամանակ նրան սպանելու մասին Zaman օրաթերթը զրուցել է գրող Ումիթ Քըվանչի հետ:

Zaman-ի այն հարցին, թե ինչ զգացիք, երբ լսեցիք, որ Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը (DHKP-C) գերի է վերցրել դատախազին, Ումիթ Քըվանչը պատասխանել է. «Ես այս իրադարձությունների հետևում այլ խաղ եմ փնտրում: DHKP-C-ի հետ կապված շատ բան կա պեղելու: Այն կարող է տարածվել. պետք է լուրջ ուսումնասիրել DHKP-C-ին: Ես շատ կասկածներ ունեմ այս առևանգման պատմության մեջ: Շատ-շատ մութ կողմեր կան այս պատմությունում»:

DHKP-C

Ումիթ Քըվանչը կասկածում է, որ DHKP-C-ն կապ ունի թուրքական հատուկ ծառայությունների հետ: Նշելով, որ իր ձեռքին հստակ տվյալներ չկան, այնուամենայնիվ, նա ուշադրություն է հրավիրում մի շարք կասկածելի իրադարձությունների ու դեմքերի վրա. «Քննարկենք ոստիկանության առջև սպանված աղջկա՝ Էլիֆ Սուլթան Քալսենի հարցը: Այս աղջկան որերորդ անգամ հանդիպում ենք տաբեր տեղերում: Հետաքրքքիր կողմը ոչ թե այն է, որ պետությունն է ասում DHKP-C-ն է ահաբեկչական գործողություններ ձեռնարկում, այլ այն, որ պատասխանատվությունը «սխալմամբ» ստանձնում է հենց այս կառույցը:

DHKP-C-ն հայատարարեց, որ Սուլթանահմեթում տեղի ունեցածն [2015-ին Մահապարտ ահաբեկիչը ռումբ էր պայթեցրել, որի հետրանքով մի ոստիկան էր մահացել – ՍիվիլՆեթ] իրենց ընկերներն են արել ու ստանձնեցին այն: Սոցիալիստական կառույցը սխալմամբ իր վրա է վերցնում ջիհադիստական կազմակերպության իրականացրածը: Ասում են՝ մեր ընկերն է, և պարզվում է՝ մի չեչեն կին է: Դուք նույնիսկ կապ չունեք այդ իրադարձության հետ: Այդ ժամանակ ո՞վ է ձեզ հրաման տալիս»:

Հարցին, թե կասկածելի չէ՞ դատախազի մահը, Քըվանչն ասել է. «Գերի վերցնողերը կարող էին նրան գլխից կրակել: Սակայն նրա մարմնից տասը գնդակ են դուրս բերել: Պետության համար օգտակար էր, որ գերի վերցնողները կենդանի դուրս չգային շենքից: Եթե կենդանի մնային, ասելու էին, թե ինչպես են շենք մտել, ինչպես են վերև բարձրացել և այլն»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաճախակի անդրադառնում Բերքին Էլվանի գործին՝ Ումիչ Քըվանչը դա չի բացատրում այն հանգամանքով, որ Էրդողանի խիղճը տանջում է նրա սպանության համար: Ընդհակառակը, ըստ Քըվանչի՝ նման գործողություններով նպատակ ունեն ալևիների նկատմամբ ատելություն սերմանել: Թուրքական պաշտոնական մի զեկույցի համաձայն՝ Գեզիի ցույցերի մասնակիցների 78 տոկոս ալիևի է: Ալևիական կազմակերպությունների պնդմամբ՝ գրեթե բոլոր մահացածներն ալևիներ են:

Քըվանչը խաբեություն է որակել իշխանական մեդիայի այն քարոզչությունը, որը դատախազի առևանգումը կապում է ալևիների հետ: Ըստ Ումիթ Քըվանչի՝ ալևիները երբեք բռնության չեն դիմում: «Այս երկրում երբևէ սուննի-ալևի բախում չի եղել: Եղել են միայն ալևիների կոտորածներ»,- ասել է նա:

***

Բերքին Էլվան

Մեհմեթ Սելիմ Քիրազիը քննում էր 2013թ. Թուրքիայում Գեզիի ցույցերի ժամանակ սպանված Բերքին Էլվանի գործը: Բերքինը, որը ծնվել է 1999թ, 2013թ. հունիսի 16-ին դուրս էր եկել հաց գնելու և Ստամբուլի Օքմեյդանի թաղամասում ներքաշվել ցույցի մեջ: Արցունքաբեր գազի կանիստրով հարվածից Բերքինն ընկել էր կոմայի մեջ: Կյանքի համար 269 օր պայքարելուց հետո նա մահացել էր: Նրա դատավարության շուրջ մեծ դժգոհություն կար Թուրքիայում: Դատախազին պատանդ վերցնելուց հետո Թուրքիայիում ահաբեկչական հռչակված կազմակերպության անդամները հեռախոսակապ էին հաստատել MedNuçe TV-ի հետ և հայտարարել, որ նման քայլի են դիմում արդարության հասնելու համար: Նրանք պահանջում էին հրապարակել Բերքին Էլվանի մարդասպանների անունները, անցկացնել բաց դատավարություն, և ձերբակալել պատանու սպանության համար պատասխանատու ոստիկաններին: Նրանք պահանջում էին նաև ազատ արձակել այն մարդանց, որոնք, իրենց խոսքով, ապօրինի ձերբակալվել են միայն այն բանի համար, որ պահանջում են արդար դատավարություն: Իրենց պահանջները կատարելու դեպքում Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատի անդամները խոստանում էին հետ ազատ արձակել դատախազին:

Մեկնաբանել