Արցախի ընդդիմադիր կուսակցությունը ահազանգում է ճնշումների մասին

11026800_975086639177968_1072652188678371226_n Լուսանկարում՝ «Ազգային վերածնունդ» կուսակցության բակային հանդիպում Ստեփանակերտում:

Արցախի ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ հաղորդելով իր նկատմամբ ճնշումների մասին մայիսի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

«Արցախի Ազգային ժողովի 2015թ. ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանում է ահազանգեր ընտրական օրենսգրքի կոպիտ խախտումների վերաբերյալ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախի Ազգային անվտանգության ծառայության և ԼՂՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամների և համակիրների նկատմամբ ճնշման փորձերին, որոնք սկսել են պարբերական բնույթ կրել:

Նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հակաօրինական վարքագծի մասին կուսակցությունը նախագահի օգնականի միջոցով տեղեկացրել է Բակո Սահակյանին, սակայն որևէ արձագանք դրան դեռ չի հետևել:

ԼՂՀ նախագահն ունի բոլոր հնարավորությունները վերը նշված միջադեպերի մանրամասները ճշտելու և օրինախախտներին կարգի հրավիրելու համար, հաշվի առնելով, որ վերջիններս իր անմիջական ենթականերն են»,- ասված է կուսակցության հայտարարությունում:

Արցախում մայիսի 3-ին կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է յոթ կուսակցություն: Ընտրարշավը մեկնարկել է մարտի 30-ին: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանդես է գալիս ԼՂՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության խիստ քննադատությամբ:

Մեկնաբանել