Տասնյակից ավելի զոհեր Հալեպի հայաշատ թաղամասի հրթիռակոծությունից

3413Ապրիլի 10-ի գիշերը հրթիռակոծվել է Հալեպի հայաշատ Սուլեյմանիե թաղամասը, ինչի հետևանքով զոհվել է տասնյակից ավելի մարդ: Փլվել է չորս շենք, թաղամասին հասցվել է նյութական մեծ վնաս: Ինչպես հաղորդում են ՍիվիլՆեթի աղբյուրները Հալեպից, փլատակների տակից վիրավորների դուրսբերման ու շտապ օգնության աշխատանքների ուշացման հետևանքով զոհերի թիվն ավելանում է:

Հրթիռակոծումները սկսվել են ուղղափառների Սուրբ Հարության տոնի նախաշեմին` առավելաբար քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված թաղամասի դեմ: Նույն ուղղություններով հրթիռակոծումները շարունակվել են նաև շաբաթ գիշեր, սակայն ավելի նվազ տարողությամբ: Սուլեյմանիեն գտնվում է կառավարական ուժերի վերահսկողության տակ: Ըստ Սիրիայի պետական «Ալ Իխբարիա» հեռուստատեսության, հրթիռակոծումները կատարվել են իսլամական ծայրահեղ զինյալ խմբերի կողմից, որոնց վերահսկողության տակ են մերձակա թաղամասերը:

Սուլեյմանիեում բնակվում են բազմաթիվ հայեր: Այնտեղ գտնվող հայ համայնքի «Սիմոն Վրացյան» կենտրոնը նույնպես կրել է ծանր վնասներ: Մոտ երկու տարի առաջ այնտեղ էր տեղափոխվել նաև Ազգային առաջնորդարանը և հայկական մի շարք երիտասարդական ու մշակութային միություններ: Կենտրոնի սրահները օգտագործվում էին նաև «Քարեն Եփփե» ազգային ճեմարանի կողմից որպես դասարաններ` Ճեմարանի շենքի ավելի վտանգավոր շրջանում գտնվելու պատճառով:

ՍիվիլՆեթի հալեպյան աղբյուրների համաձայն՝ մեծ թվով բնակիչներ Սուլեյմանիե թաղամասից առժամանակ տեղափոխվել են այլ վայրեր: Հալեպ քաղաքի՝ պատերազմի թատերաբեմ դառնալուց հետո Սուլեյմանիե թաղամասը համեմատաբար ապահով շրջան էր համարվում՝ հիմնականում շփման գծերից հեռու լինելու պատճառով:

***Սիրիայում պատերազմի սկզբից մինչև այսօր Միջին Արևելքի հարցերով միջազգաին հեղինակավոր մասնագետներ ՍիվիլՆեթի հետ զրույցներում տարբեր կարծիքներ են արտահայտել տարածաշրջանում քրիստոնյաների և հայերի ճակատագրի մասին: Brookings Doha Center-ի տնօրեն Սալման Շայխի համաձայն՝ դեռևս կարելի է տարբեր խմբերի միջև խաղաղ գոյակցություն հաստատել, մինչդեռ Կալիֆոռնիայի համալսարանի Դեյվիսի մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն Քիյթ Ուաթենփայի համաձայն՝ Սիրիայում հայերի ու քրիստոնյաների ապագան վտանգված է:

2011թ. Սիրիայում «Արաբական գարունից» հետո ծայր առած հակակառավարական բողոքի ցույցերը շուտով վերածվեցին զինյալ բախումների` կառավարական ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև: Վերջին երկու տարիներին ընդդիմադիր դաշտում ավելի շատ ծայրահեղ իսլամիստական ու ահաբեկչական ուժեր են գործում: Վերջիններից է նաև «Իսլամական պետությունը», որի դեմ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան արդեն մի քանի ամիս է տարածաշրջանային ռազմական օպերացիա է վարում: Վերջին չորս տարիներին Սիրիայում զոհվել է ավելի քան 220 հազ. մարդ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ տեղահանվել է Սիրիայի 23 միլիոն բնակչության մոտ կեսը, որոնցից մոտ չորս միլիոնը փախստական է դարձել տարբեր երկրներում:

Մեկնաբանել