Լևոն Հայրապետյանի մեղադրանքը մեղմացվել է

Levon-HayrapetyanՌուսական «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի յուրացմանը հանցակից լինելու մեջ մեղադրվող արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ գործն առանձին վարույթ է ընդունվել` պայմանավորված հետաքննության արագ ավարտով: Ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանում ապրիլի 13-ին հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:

Գործարարի պաշտպանն իր հերթին հայտարարել է Հայրապետյանի նկատմամբ մեղադրանքների մեղմացման մասին` պայմանավորված գործի` առանձին վարույթ ընդունվելու և հետաքննության փաստարկների ապացուցված չլինելու հանգամանքով: Փաստաբանի խոսքով` Հայրապետյանը մեղադրվում է յուրացման մեջ այն դեպքում, երբ նախկինում բացի դրանից` նրան մեղսագրվում էր նաև «ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում»:

Դատարանը Հայրապետյանի տնային կալանքը երկարացրել է մինչև հուլիսի 15-ը:

***

65-ամյա գործարար Լևոն Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ․ հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Նրա ձերբակալման համար հիմք էին ծառայել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի (վերջինս ցմահ բանտարկություն է կրում մի շարք առանձնակի ծանր հանցագործությունների համար) ցուցմունքները։

Հայրապետյանին առաջադրվել էր մեղադրանք ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ և 174-րդ հոդվածներով («ուրիշի ունեցվածքի յուրացում կամ վատնում» և «ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացում»):

Ըստ քննչական մարմնի` ռուսական «Բաշնեֆտ» ընկերության նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովը, որը նույնպես անցնում է այս գործով, Հայրապետյանի հետ միասին մշակել է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի յուրացման հանցավոր ծրագիր: Գործի ևս մեկ մասնակից` «Սիստեմա» ընկերության համասեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը, կազմակերպել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացումը, ենթադրում է քննչական մարմինը:

Քննչական մարմնի միջնորդությամբ` Լևոն Հայրապետյանի նկատմամբ ի սկզբանե սահմանվել էր կալանք, սակայն ավելի ուշ խափանման նախնական միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով` պայմանավորված գործարարի վատ ինքնազգացողությամբ:

Արցախցի գործարարի նկատմամբ հարուցված է ևս մեկ քրեական գործ` խարդախության հատկանիշով: Այն հարուցվել է նախկին սենատոր Իզմեստևի մոր հայտարարությունների հիման վրա. Իզմեստևի մայրը գործարարին մեղադրում է իրենց 700 հազ. դոլար յուրացնելու մեջ:

Լևոն Հայրապետյանն իր մեղքը չի ընդունում և հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները։ Նրա եղբայրը՝ Վլադիմիր Հայրապետյանը, գործարարի ձերբակալումը քաղաքական հաշվեհարդար է որակում։

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949թ.։ Երկար տարիներ որպես լրագրող է աշխատել «Օգոնյոկ» ամսագրում և «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականում։ Հետագայում Հայրապետյանը սկսել է գործարարությամբ զբաղվել՝ կապված նավթի մատակարարումների հետ։