Հնարավոր է՝ Լիբանանում հայ խաղաղապահների թիվն ավելանա

peasekeepersԱպրիլի 11-ից պաշտոնական այցով Լիբանանում գտնվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայան և հանդիպում ունեցել առաքելությանը մասնակցող ուժերի հրամանատար, Իտալիայի զինված ուժերի գեներալ-մայոր Լուչիանո Պորտոլանոյի հետ:

Ինչպես հաղորդում են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայ խաղաղապահների ծառայության, միջազգային առաքելություններին Հայաստանի ընդգրկվածության, Լիբանանում հայ խաղաղապահների թվակազմի հնարավոր ավելացման հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կենտրոնակայանից պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շամա զինավան, հանդիպել է հայ խաղաղապահներին, ծանոթացել ծառայության պայմաններին և հայ խաղաղապահների կողմից իրականացվող առաջադրանքներին: Սեյրան Օհանյանը կարևորել է Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո հայ խաղաղապահների առաքելությունը և շնորհակալություն հայտնել ծառայության համար:Այցի ընթացքում պաշտպանության նախարարը հանդիպում է ունեցել նաև լիբանանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքի և Հայրենիք-Սփյուռք կապի ամրապնդման հարցեր: Համայնքի ներկայացուցիչները կարևորել են հայկական զորախմբի ներկայությունը Լիբանանում` շնորհակալություն հայտնելով Լիբանանում խաղաղության պահպանման ջանքերում Հայաստանի ներդրումի համար: Համայնքի ներկայացուցիչների հետ տեղի ունեցած միջոցառման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը լիբանանյան «Ազդակ» օրաթերթի խմբագիր Շահան Գանտահարյանին պարգևատրել է «Դրաստամատ Կանայան» մեդալով:

***

Հայ խաղաղապահների առաջին զորախումբը Լիբանան մեկնել է 2014-ի նոյեմբերի 26-ին:

Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակում խաղաղապահներ տեղակայելու համաձայնագիրը Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել էր 2014թ. տարվա հուլիսին:

ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունը գործում է 1978-ից: