«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամը հացադուլ է հայտարարել

MHM87864-copy«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության անդամ Գևորգ Սաֆարյանը, որի նկատմամբ երկամսյա կալանք է սահմանված և որը ներկայում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է, ապրիլի 16-ին հայտարարել է հացադուլ՝ «իր նկատմամբ կիրառված ապօրինությունների ու քաղաքական հալածանքների կապակցությամբ»: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը։

«Գևորգ Սաֆարյանին է այցելել իրավապաշտպան դիտորդական խումբը, որն արձանագրել է, որ նա տեղափոխվել է հացադուլ հայտարարած կալանավորների համար առանձնացված խուց։ Դիտորդական խումբը պատրաստակամ է իր ուշադրության կենտրոնում պահելու Գևորգ Սաֆարյանի գործը և իրականացնելու նրան պահելու պայմանների ու նրա առողջական վիճակի մոնիթորինգ»,- ասված է նախաձեռնության հաղորդագրությունում։

***

Ապրիլի 7-ի առավոտյան բերման էին ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ, որոնցից չորսը՝ նախաձեռնության փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, նախաձեռնության քարտուղարության համակարգող, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, անդամներ Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը և նախաձեռնության Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը:

Հարուցվել էր նաև քրեական գործ՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ, որը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: «Հիմնադիր խորհրդարանի» գրասենյակներում իրականացվել էին նաև քննչական գործողություններ, առգրավվել էին իրեր:

Ապրիլի 9-ին դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք էր սահմանել Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ:

Արամ Հակոբյանը, որը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու մեջ, 500 հազ. դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Հիմնադիր խորհրդարանը» իր անդամների կալանավորումը համարում է քաղաքական հետապդնում: Նախաձեռնությունը ապրիլի 17-ին` ժամը 18:30-ին, Ազատության հրապարակում անցկացնելու է հանրահավաք և երթ:

Մեկնաբանել