ԼՂՀ ՊԲ-ն կատարել է զորավարժություններում առաջադրված բոլոր խնդիրները

Martavarakan_16Ապրիլի 17-ին տեղի է ունեցել ապրիլի 13-16-ը անցկացված  զորամասերի հրամանատարների ու նրանց տեղակալների հավաքների և բազմաստիճան հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքների ամփոփում: Ինչպես հաղորդում են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայութունից, ներկա ամփոփմանը են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչներ և հանրապետության ուժային կառույցների ղեկավարներ:

Բակո Սահակյանը կարևորել է նման հավաքների և դրանց զուգահեռ անցկացվող զորավարժությունները բանակի մարտունակության բարձրացման գործում և նշել, որ այսուհետ ևս բանակաշինության խնդիրները լինելու են երկրի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Վերլուծելով անցկացված հավաքների և բազմաստիճան զորավարժության արդյունքները՝ նշվել է, որ դրանք անց են կացվել կազմակերպված ու բովանդակալից, կատարվել են առաջադրված բոլոր խնդիրները, իսկ ներգրավված զորամասերը մեծ առաջընթաց են արձանագրել այդ միջոցառումները կազմակերպելու և անցկացնելու գործում:

Այս միջոցառումներին ակտիվ մասնակցության և ցուցաբերած բարձր արդյունքների համար մի խումբ սպաներ պարգևատրվել են պատվոգրերով, արժեքավոր նվերներով և արժանացել դրամական խրախուսման: